News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ նստաշրջանին նախկին փոխվարչապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի մասնակցության մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Դատավարությունն առանց ընդմիջման շարունակվեց, երբ դատախազները ծանոթացան միջնորդությանը։ 

Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարանի որոշմամբ Գեւորգյանին թույլ չեն տվել մասնակցել դեկտեմբերի 14-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստին, որտեղ ծրագրվում էր ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը։ Ընդ որում, Գեւորգյանին չի հաջողվել նույնիսկ հեռակա կարգով մասնակցել, քանի որ դատավարության եւ հանձնաժողովի նիստի ժամերը համընկել են։ «Որպես ընդդիմության ներկայացուցիչ իմ պարտավորությունները խախտվել են»,-հայտարարեց Գեւորգյանը։

Լուսինե Սահակյանը հայտնեց, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ նստաշրջանը։ Նա հավելեց, որ նախորդ նիստին Գեւորգյանը չի մասնակցել, քանի որ դատարանը թույլ չի տվել նրան լքել երկիրը։ Փաստաբանը կրկին հիշեցրեց դատարանին պատգամավորի անձեռնմխելիության, անկախության եւ պատգամավորի կարգավիճակից բխող պարտականությունները կատարելու հնարավորություններն ապահովելու մասին։

«Արմեն Գեւորգյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում է։ Նրա մասնակցությունը կարեւոր է, քանի որ նա ներկայացնում է ընդդիմությանը եւ կոչված է բարձրաձայնելու ընդդիմությանը հուզող հարցերը»,-նշեց Սահակյանը։

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք դատարանին թույլ տալ Արմեն Գեւորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին, ինչպես նաեւ չեղարկել սահմանը հատելու արգելքը»,-շարունակեց փաստաբանը։ Մեկնելու եւ վերադարձի ամսաթիվը դատարանին կտեղեկացվի ավելի ուշ, երբ տեղեկություն ստացվի ԱԺ-ից: Փաստաբանը խնդրեց նաեւ այդ ընթացքում դատական նիստ չնշանակել։ Դատավորի հարցին, թե երբ կկարողանան տեղեկություն տրամադրել մեկնելու օրվա մասին, Գեւորգյանը ենթադրեց, որ դա կարող է տեղի ունենալ մեկնելուց մի քանի շաբաթ առաջ։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դեմ արտահայտվեց։

Փաստաբանների հիմնավորումները նա համարեց պատգամավորական անձեռնմխելիությանն անվերջ տեսք հաղորդելու, դատական գործընթացի էությունը խեղաթյուրելու փորձ։ «Արմեն Գեւորգյանն այս գործընթացի համատեքստում պատգամավորական անձեռնմխելիություն չունի։

Դատական գործընթացը որպես նրա պատգամավորական գործունեությանը խոչընդոտ ներկայացնելու փորձերն անընդունելի են»,-ընդգծեց Բաղդասարյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը կիսեց գործընկերոջ կարծիքը։  Նա նշեց, որ, ինչպես փաստաբանն ասաց, հանդիպումը հիբրիդային է, եւ այդ թեմայով դատախազներն արդեն հայտնել են իրենց կարծիքը։

Ի պատասխան՝ Արմեն Գեւորգյանը նշեց, որ դատախազների հայտարարություններն անհարգալից են խորհրդարանի եւ ժողովրդի վստահությունը ստացած պատգամավորների նկատմամբ։

Փաստաբաններն իրենց ելույթներում նշեցին պատգամավորների անձեռնմխելիության եւ քրեական հետապնդման կապի վերաբերյալ ՍԴ որոշումը։ Դատախազները դա համարեցին անտեղի։ «Այժմ դատախազության ներկայացուցիչները մեկնաբանում են այս որոշումը։ Նույն իրավիճակն էր 300.1-րդ հոդվածի դեպքում։ Ընդամենը մի քանի ամսում Սահմանադրական դատարանն անհիմն համարեց դատախազության կարեւոր դիրքորոշումները։ Ըստ իս՝ այս որոշման փիլիսոփայությունն այն է, որ անկախ մեղադրանքի առկայությունից՝ այն չպետք է խոչընդոտի խորհրդարանի աշխատանքին»,-նշեց Գեւորգյանը՝ հավելելով, որ երեքշաբթի օրերին նախատեսված նիստերի պատճառով զրկված է ԱԺ-ում որոշակի աշխատանքի հնարավորությունից։ Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելուն, Գեւորգյանը հիշեցրեց, որ հեռավար տարբերակն ընտրվում է բացառապես առողջական վիճակի հետ կապված։ Պատգամավորը նշեց, որ նոյեմբերին Ղրղզստանում ընտրություններին մասնակցելու համար դիմումը եւս չի լուծվել։ «Այնտեղ է՞լ պետք է հեռավար մասնակցեի»,-հարց ուղղեց Գեւորգյանը։

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ դատական ​​նիստերը նշանակվում են ըստ ընտրության, իսկ ԱԺ նիստերը նախօրոք սահմանված են։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ