News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գրեթե երկնիշ գնաճը (նոյեմբեր ամսին 9.6 տոկոս) կտրուկ վատթարացրել է երկրի ընդհանուր կենսամակարդակը։ Բայց իհարկե` ոչ բոլոր քաղաքացիների: Ինչպես եւ հարկն է նման իրավիճակում, աղքատներն ավելի են աղքատացել, իսկ հարուստները՝ ավելի հարստացել: Իսկ ի՞նչ եղավ միջին խավի հետ։
Նախ նշենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից ամեն տարի հրապարակվող եկամուտների մասին տեղեկատվությունը` ըստ բնակչության խմբերի, բոլորովին չի արտացոլում մեր հասարակության` կենսամակարդակի մասով պառակտման իրական պատկերը։

«Ամենահարուստների» խմբում այս խավի ներկայացուցիչներ չկան։ Դե, օլիգարխները չեն ցանկանում մասնակցել նման հարցումների։

Սակայն եկամուտների առումով բնակչության աճող բեւեռացումն անուղղակիորեն վկայում է այլ վիճակագրական ցուցանիշների մասին։ Օրինակ՝ անհամամասնությունը երկու կարեւորագույն ցուցանիշների՝ մանրածախ ապրանքաշրջանառության եւ ծառայությունների շրջանառության դինամիկայի եւ բացարձակ ծավալի միջեւ։

Հետեւությունը, որ «հարուստները» չեն աղքատացել, հաստատում է նաեւ երկրի առեւտրային բանկերում տնային տնտեսությունների ավանդների դինամիկան։ Այս առումով առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում «էլիտար» խնայողությունները՝ ժամկետային ավանդներն արտարժույթով։
Ընդհանուր առմամբ, եկամուտ ստանալու տեսանկյունից (տոկոսների տեսքով) ավելի ձեռնտու է ավանդը պահել դրամով, քան ԱՄՆ դոլարով եւ եվրոյով։ Այնպես որ արտարժույթով ժամկետային ավանդը դրամական կապիտալն է, որը խնայվում է ոչ այնքան շահույթի (նույն տոկոսի տեսքով), որքան դրա անփորձանք «կոնսերվացման» համար։

«Տնային տնտեսությունների»` արտարժույթով ժամկետային ավանդների հանրագումարում գերակշիռ մասը բաժին է ընկնում ԱՄՆ դոլարին։ Ուստի այդ ավանդների ամբողջ գումարը  հայրենական դրամից կփոխանակենք այդ համաշխարհային արժույթով։ Այսպիսով, մեր հաշվարկներով, այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում արտարժույթով ժամկետային ավանդներն աճել են ավելի քան 230 մլն դոլարով կամ 19 տոկոսով (!): Թե որքան գումար է գնում այլ երկրների բանկեր, կարելի է միայն ենթադրել։

Հասկանալի է, որ ամեն քաղաքացի չէ, որ դոլարով կապիտալ ունի։ Ընդ որում` «ավելորդ» դոլարներ, որոնք կարելի է ավանդ դնել։ Այնպես որ, «տնային տնտեսություն» տերմին ասելով, պետք է հասկանալ այն քաղաքացիներին, ովքեր գրեթե երկնիշ գնաճի պայմաններում զգալիորեն ավելացնում են իրենց խնայողությունները, ընդ որում` դոլարով եւ եվրոյով։ Ո՞ր դասին են պատկանում այդ ներդրողները:
Գուցե դրանք այն ընտանիքներն են, որոնք փոխանցումներ են ստանում դրսից, իսկ ստացված արժույթի մի մասը ներդրվում է խնայողությունների մեջ։ Սակայն, ըստ ՀՀ կենտրոնական բանկի երկարամյա հետազոտության, այդ ընտանիքների ստացած փոխանցումներից նրանք խնայողություններին հատկացնում են ընդամենը 0.8 տոկոսը։ Հունվար-հոկտեմբեր ամիսներին տրանսֆերտների ընդհանուր գումարի նկատմամբ այդ տոկոսը ընդամենը 14 մլն դոլարից պակաս է կազմում, այսինքն՝ արտարժույթով ժամկետային ավանդների աճից շատ ավելի պակաս։

Կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ ֆինանսական առումով բարելավվել է «հարուստների» համար։ Եվ նաեւ` միջին խավի այն հատվածի համար, որը եկամուտների առումով մոտ է բնակչության այդ «էլիտար» խմբին։ Ինչ վերաբերում է «միջին» (Հայաստանի չափանիշներով) խավի մյուս հատվածին, ապա կենսամակարդակի առումով դրա ներկայացուցիչները հարում են «աղքատներին»։ 

Մեր հասարակության անապահով խավերի ընտանեկան բյուջեում մեծ մասը կազմում են սննդամթերքի ծախսերը: Ուստի նրանց համար առաջնային նշանակություն ունի ագրոինֆլյացիան, որը նոյեմբերին հասավ գրեթե 17 տոկոս (!): Այս գործոնը լուրջ ազդեցություն ունեցավ Հայաստանի բնակիչների, այդ թվում՝ պայմանական «միջին խավի» կենսամակարդակի վրա։

«Մութ ու ցուրտ» 90-ականներից հետո, երբ կյանքը բնականոն հուն վերադարձավ, ամանորյա սեղանին որոշ դրական փոփոխություններ տեղի ունեցան։ Միջին խավի համար դրանք արտահայտվեցին ավանդական թփով տոլմային խոզի բուդ ավելացնելով: Ինչն էլ դարձավ նրանց բարեկեցության խորհրդանիշը, հաճախ` երեւակայական:

Առեւտուրն արագ արձագանքեց այս երեւույթին: Ամանորի նախաշեմին խոզի բդի գները սովորաբար կտրուկ բարձրանում էին: Բայց այս տարի իրավիճակը փոխվել է: Վաճառողները, ովքեր խոզի բդի պահանջարկի ակտիվացում էին ակնկալում, հիասթափված են: Անցած տարիների ոգեւորությունը չկար` գնաճով պայմանավորված վերոնշյալ պատճառներով։ Առեւտրականները ստիպված սկսեցին «սառեցնել» այդ մթերքի գները եւ նույնիսկ` մի փոքր նվազեցնել՝ սպառողների պահանջարկը խթանելու հույսով։

Շատերի մոտ հարց կառաջանա. այդ դեպքում ինչո՞ւ այլ պարենային ապրանքների գները չեն իջեցվում եւ նույնիսկ բարձրանում են։ Ասենք՝ բաստուրմայի նման հայկական դելիկատեսի համար։ Բանն այն է, որ բաստուրման (ինչպես եւ մի շարք այլ մսամթերքներ) կարելի է վաճառել կտրտած` 100-200 գրամով։ Այդպիսին է շատ գնորդների ֆինանսական հնարավորությունների սահմանը, ովքեր ցանկանում են ամանորյա սեղանը «զարդարել» դելիկատեսներով։ Բայց խոզի բուդը վաճառվում է միայն ամբողջությամբ։ Առայժմ` ամբողջությամբ, վաճառողների` ապագա գնորդների հույսով:

Միգուցե դեկտեմբերի վերջին օրերին միջին խավի որոշ ներկայացուցիչներ «խելքի գան» եւ դեռ գնեն բաղձալի խոզի բուդը: Բարեբախտաբար, մայրաքաղաքի սուպերմարկետներում այդ նպատակների համար կարելի է հեշտությամբ սպառողական վարկ ձեւակերպել։ Ճիշտ է, ապագայում այդ վարկի համար դուք ստիպված կլինեք մարել մինչեւ 24 տոկոս հասնող հսկայական տարեկան տոկոսադրույքները։ Դե, նույն փոխանցումներ ստացողներն իրենց վերջին դոլարը կամ ռուսական ռուբլին փոխանակում են դրամով, որպեսզի գոնե համեստորեն (առանց խոզի բդի) դիմավորեն Նոր տարին։

Սմբատ Գրիգորյան

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ