Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»,-նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։
Տոկաևն ասել է, որ այն, ինչ կատարվում է երկրում, դիտարկում է որպես արտաքին ագրեսիայի ակտ։ Նա նշել է, որ խոսքը պետության ամբողջականությանը սպառնացող վտանգի և քաղաքացիների վրա հարձակումների մասին է։
Նրա խոսքով, Ալմաթիի մերձակայքում այժմ ընթանում է ահաբեկչական խմբավորումների համառ պայքար՝ ՊՆ օդադեսանտային ստորաբաժանումների հետ։
Հիշեցնենք, որ Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Ակցիաների ժամանակ գրանցվում են անկարգություններ, բախումներ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։
Ղազախստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով սպանվել է ութ ոստիկան և Ազգային գվարդիայի զինծառայող, տուժել է անվտանգության ավելի քան 300 աշխատակից։





























