Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի մի տնից գողություն էր կատարվել: Ինչ-որ մեկը տեսել էր, որ տանը մարդ չկա, պատուհաններն էլ առանց ճաղավանդակի են, մտել էր տուն ու ննջասենյակից գողացել հեռուստացույց և կենցաղային իրեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողության մասին հաղորդումը ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվեց հունվարի 13-ին: Տանտիրուհին, որ դեկտեմբերի 8-ից տանը չէր եղել, վերադառնալով և տեսնելով հեռուստացույցն ու կենցաղային իրերը չկան, ոստիկանություն էր դիմել: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Կումայրիի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրի քաղաքի 30-ամյա մի բնակիչ: Ժամը 19.30-ի սահմաններում քաղաքի կայարանամերձ հրապարակից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հիշյալ ժամանակահատվածում նա նույն տնից երկու անգամ էր գողություն արել՝ հունվարի 6-ին և 9-ին։
Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին ու ձերբակալվել: Հետագա միջոցառումներով գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: