News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Երևան քաղաքի դատախազության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության գիտական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվել են 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի արդյունքները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին այս ամբողջ ընթացքում իրականացրած փոխկապակցված, ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար։

«Խիստ վերահսկողության միջոցառումների այս ծրագիրը ցույց տվեց, թե ինչպես պետք է միմյանց լրացնելով աշխատեն պետական գերատեսչությունները, որպեսզի ունենանք նկատելի արդյունք։ Միջոցառումների մեկնարկի սկզբում մեր առջև դրված գրեթե բոլոր թիրախներին հասել ենք՝ գրանցելով գոհացուցիչ արդյունք։

Եվ ինչն ամենակարևորն է ինձ համար, ակնառու է նաև խնդրին հասարակական վերաբերմունքի փոփոխություն։ Ամբողջ ընթացքում թե՛ Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսները, և թե՛ շուկաներում սիգ փնտրող մեր քաղաքացիները կառուցողական վերաբերմունք են ցուցաբերել վերահսկողական միջոցառումներին։

Ցանկացած գործընթացի կայացման հիմնարար երաշխիքն առաջին հերթին հանրության շրջանում ունեցած աջակցությունն է»,-նշել է նախարարը։

Նախարարը նաև անդրադարձել է միջոցառումների ընթացքում արձանագրված կազմակերպչական բնույթի խնդիրներին, որոնց շատ արագ տրվել են կարճատև լուծումներ և խոստացել, որ արդյունքների ամբողջական ամփոփումից ու որոշակի վերլուծություններից հետո կմշակվեն դրանց համակարգային լուծումների տարբերակները։

Ամփոփիչ զեկույցներով հանդես են եկել միջոցառումների իրականացման կողմ կառույցների ներկայացուցիչները, հնչեցրել իրենց տեսակետներն ու կարծիքները։ Ներկաները շնորհակալություն են հայտնել նախարար Հակոբ Սիմիդյանին՝ ամբողջ ընթացքում ծրագրի անխափան իրականացմանը սատարելու և իրականացվող աշխատանքները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։

Այսպիսով՝ վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2667 հատ սիգ տեսկի ձուկ՝ 1044 կգ ընդհանուր քաշով, լճից դուրս է բերվել 111 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 5․221․500 ՀՀ դրամի չափով:

Նախապատրաստվում են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի հատկանիշներով (թվով 29) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով (թվով 2)։

Վերասկողության միջոցառումների վերաբերյալ առավել մանրամասն տվյալները կներկայացվեն առաջիկայում։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը կրկին հիշեցրել է խիստ վերահսկողական միջոցառումների ավարտից հետո սիգի որսի արգելքի մասին և խնդրել նույն աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին։

Հիշեցնենք, որ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանն ավարտվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը»,- նշված է հաղորդագրությունում։

 

 

Տպել