News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը


ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության մեկնաբանությանը։

«Աշոտ Մինասյանն այս հայտարարության արդյունքում դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է։ Ստացվում է, որ այն նույն հոդվածով, որով մեղադրվում է Աշոտ Մինասյանը, չեն էլ կալանավորվում, բայց Աշոտ Մինասյանը կալանավորվում է», - ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դատախազությունը հայտնել է, որ այդ հոդվածով վերջին 4-5 տարվա ընթացքում ընդամենը 15 կալանավորում է եղել, մինչդեռ հարյուրավոր գործեր են հարուցվել:

Վարդևանյանի կարծիքով՝ օրերի հարց է Աշոտ Մինասյանի՝ ազատության մեջ լինելը։

Նա հիշեցրեց, որ այսօր կալանավորումների ֆետիշացում է տեղի ունենում եւ կալանավորման միջնորդությունների 80 տոկոսը սկսել է բավարարվել. «Այդ քննարկման ժամանակ դատախազության ներկայացուցիչն ասաց, որ նախագիծ էին բերել, որով առաջարկում են մինչեւ 5 տարի ազատազրկում նախատեսող հոդվածների դեպքում առհասարակ կալանավորումը կիրառվի միայն այն դեպքերում, երբ մարդուն հայտնաբերել են, երբ թաքնվում էր, կամ փախչում էր, կամ հանցանք էր կատարում: Հիմա Աշոտ Մինասյանը մեղադրվում է մինչեւ 3 տարի ազատազրկում ենթադրող հոդվածով: Նա մեկ տարի եղել է ազատության մեջ եւ որեւէ կերպ չի խոչընդոտել, չի թաքնվել»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն արձագանքել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրմանը, որը վերաբերում էր Աշոտ Մինասյանի կալանավորմանը։

«Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը շատ հաճախ է հանդես գալիս դատական ակտերում արտահայտված դիրքորոշումները հարգելու կոչերով, առաջարկում ենք այդ կոչին հետևելով հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։

Բացի այդ, թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ Կամ՝ ամբողջ Հանրապետությունում 2021թ քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք։

Համենայն դեպս՝ նույն մեղադրանքով կալանքի տակ գտնված անձանցից որևէ մեկն ապօրինաբար չի պահել այնպիսի հրազեն ու ռազմամթերք, ինչ, ըստ մեղադրանքի, Աշոտ Մինասյանը, այն է՝ 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ՝ յուրաքանչյուրում 2160 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, տրոտիլ (․․․․)։

Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը որպես փաստաբան մասնակցել է Աշոտ Մինասյանի գործով վարույթին և նրան առաջադրված մեղադրանքին ծանոթ է, հարկ չենք համարում շարունակել թվարկել Մինասյանին պատկանող շինությունում հայտնաբերված ապօրինի պահված ռազմամթերքի տեսակները», - արձագանքել էին դատախազությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ