News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ անցած տարվա նոյեմբերին Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը մոտ 176.3 մլն դոլար է կազմել։

Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ փոխանցումների ծավալն աճել է 23.6 մլն դոլարով (կամ 15.5 տոկոսով)։ Հետաքրքիր է, որ դրամական փոխանցումների ամենամեծ աճը գրանցվել է Ղազախստանից՝ 4.8 մլն դոլար (աճը՝ 2.7 անգամ)։ Այնուհետեւ հաջորդում են Ռուսաստանը՝ 4.1 մլն դոլարով (6.3 տոկոս) եւ ԱՄՆ-ն՝ 3.4 մլն դոլարով (4.5 տոկոս)։

Այլ պատկեր է, եթե համեմատենք նոյեմբեր ամսվա ցուցանիշները հոկտեմբեր ամսվա հետ։ Մեկ ամսվա ընթացքում դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը նվազել է գրեթե 9.2 մլն դոլարով (կամ 10.6 տոկոսով), այդ թվում՝ Ռուսաստանի մասով՝ 8.3 մլն դոլար (10.6 տոկոսով), ԱՄՆ-ի մասով՝ 3.7 մլն դոլարով (7.1 տոկոս)։ Մի շարք այլ երկրներից, մասնավորապես, ԱՄԷ-ից փոխանցումները փոքր-ինչ աճել են։ Ռուսաստանից նոյեմբեր ամսվա անկումը կարելի է բացատրել մեր աշխատանքային միգրանտների աշխատանքի ավարտով, որոնց մեծ մասը զբաղված է շինարարության ոլորտում։ Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկան, ըստ անցած տարվա ամիսների, որոշակիորեն արտացոլում է մեր միգրանտների մեծ մասի` այդ երկրում գտնվելու սեզոնային բնույթը (տե՛ս գրաֆիկը):



Նախորդ տարվա հունվար-նոյեմբերին դրամական փոխանցումների ընդհանուր ներհոսքի ծավալը հասել է գրեթե 1.9 մլրդ դոլարի, իսկ տարեկան կտրվածքով աճել է 225.9 մլն դոլարով (կամ 15.6 տոկոսով)։ Այսպիսի աճն ապահովել է նաեւ ԱՄՆ-ից փոխանցումների նկատելի աճը (113.0 մլն դոլարով կամ 27.9 տոկոսով)։ Փոխանցումների աճի առումով երկրորդ տեղում ԱՄՆ-ից հետո նույն Ղազախստանն է։ հունվար-նոյեմբերին այս երկրից Հայաստան փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 4.0 անգամ (!)։ Ընդհանուր առմամբ, այս տարվա 11 ամիսների ընթացքում Ղազախստանից Հայաստան է փոխանցվել 82.1 մլն դոլար։

Ղազախստանում հայկական սփյուռքը մեծ չէ՝ մոտ 20-30 հազար մարդ։ Ուստի այդ երկրից մեր հայրենակիցների կողմից դրամական փոխանցումների հոսքն էական լինել չի կարող։ Կասկածելի է նաեւ, որ Հայաստանից Ղազախստան սեզոնային աշխատանքային միգրացիան անցյալ տարի լայն տարածում էր գտել: Առաջին հայացքից Հայաստան դրամական փոխանցումների կտրուկ աճը կապված է մեր երկրում Ղազախստանի քաղաքացիների կողմից ավտոմեքենաներ գնելու հետ։ Այդ գնորդներից շատերը, անվտանգության նկատառումներից ելնելով, նախընտրում էին ավտոմեքենայի համար գումարները փոխանցել մեր երկիր բանկերի միջոցով։ Սակայն այստեղ մի կարեւոր հանգամանք կա:

Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան տարեկան կտրվածքով նվազել է ավելի քան 6 անգամ։ Ընդ որում, մաքսային գինը մի քանի անգամ բարձրացել է՝ մեկ հատի համար 2.3 հազար դոլարից հասնելով 12.8 հազար դոլարի։ Այս գործոնը պետք է հանգեցներ այլ երկրներից (այդ թվում` Ղազախստանից) գնորդների թվի ադեկվատ կրճատմանը, որոնց Հայաստան գրավում էր հենց օգտագործված ավտոմեքենաների էժանությունը։ Ուստի կասկածելի է, որ Ղազախստանից մեր երկիր փոխանցումների ներհոսքի ֆենոմենալ աճը կապված է եղել միայն ավտոմեքենաների գնումների հետ։ Այս հարցի պատասխանն ավելի մանրամասն տեղեկատվություն է պահանջում իրավասու մարմիններից:

Ռուսաստանը, թեեւ վերջին տասնամյակում Հայաստան դրամական փոխանցումների մեջ դրա մասնաբաժինը կիսով չափ կրճատվել է, այնուամենայնիվ առաջատար է մնում (տե՛ս գրաֆիկը):   



ԱՄՆ-ն դրամական ներհոսքի առումով վստահորեն անցել է երկրորդ տեղը։ Հիշեցնենք, որ տասը տարի առաջ՝ 2011 թվականի հունվար-նոյեմբերին, այդ երկրից Հայաստան է փոխանցվել 65.2 մլն դոլար, իսկ դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում ԱՄՆ-ի մասնաբաժինն այն ժամանակ աննշան էր՝ 5 տոկոսից պակաս։ Անցած տարվա հունվար-նոյեմբերին ԱՄՆ-ից տրանսֆերտների ծավալը հասել է 517.8 մլն դոլարի, իսկ մասնաբաժինն ընդհանուր ցուցանիշում աճել է մինչեւ 27 տոկոս։ Դրամական փոխանցումների արտահոսքը նախորդ տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 41.5 մլն դոլարով (կամ 3.7 տոկոսով)։ Ներհոսքի աճը եւ արտահոսքի կրճատումը նպաստել են դրամական փոխանցումների դրական մնացորդի ավելացմանը՝ 297.4 մլն դոլարով (կամ գրեթե 1.6 անգամ)։ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքի ծավալով երկրների վարկանիշը շարունակում է գլխավորել Ռուսաստանը, որին հաջորդում են ԱՄՆ-ն, Չինաստանը, ԱՄԷ-ն եւ Գերմանիան (տե՛ս գրաֆիկը)։



Հասկանալի է, որ մեր քաղաքացիների դրամական փոխանցումները Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Գերմանիա հիմնականում կոմերցիոն բնույթ են կրում։ Դա է նաեւ Ռուսաստան դրամական փոխանցումների որոշակի մասի նպատակը։ Այդ երկրում մեր ձեռնարկատերերը Հայաստանում վաճառվող ապրանքների փոքր խմբաքանակներ են գնում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ կարելի է ենթադրել «կապիտալի փախուստ» կոչվող երեւույթը։

Սմբատ Գրիգորյան

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Ամենաշատ