News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չորեքշաբթի պայքարում է իր պաշտոնը պահելու համար իր իսկ կուսակցության օրենսդիրների վրդովմունքի ֆոնին, ովքեր դժգոհ են երեկույթների շարքից Դաունինգ Սթրիթում, գրում է Reuters-ը։

«Brexit-ն ավարտելու» բարձրագույն պաշտոնի համար առաջադրված Ջոնսոնը 2019 թվականին ստացավ իր կուսակցության ամենաշատ ձայները վերջին 30 տարում, բայց այժմ հրաժարականի կոչերի է բախվում՝ COVID-ի կարանտինի ժամանակ Դաունինգ Սթրիթում երեկույթների մասին մի շարք բացահայտումներից հետո:

Ջոնսոնը բազմիցս ներողություն է խնդրել եւ ասել է, որ չի իմացել դրանցից շատերի մասին։ Այնուամենայնիվ, նա 2020 թվականի մայիսի 20-ին մասնակցել է, իր խոսքով, աշխատանքային միջոցառմանը:

Պահպանողական 20 պատգամավոր, ովքեր իրենց տեղերը ստացել էին 2019 թվականի վերջին համապետական ​​ընտրություններում, ծրագրում են անվստահության նամակներ ներկայացնել Ջոնսոնին, հայտնում է The Telegraph-ը։ Մի քանիսն արդեն ասել են, որ գրել են այդ նամակները:

«Մի խումբ պատգամավորներ նամակներ կուղղեն՝ փորձելով հասնել 54 մարդու շեմին»,- թվիթերում գրել է BBC-ի քաղաքական խմբագիր Լաուրա Կուենսբերգը։

The Times-ի վերլուծությունը ցույց է տվել, որ 58 պահպանողական պատգամավոր բացահայտորեն քննադատել է վարչապետին:

Ջոնսոնի պաշտոնանկությունը Միացյալ Թագավորությունն ամիսներով անորոշ վիճակում կթողնի, քանի որ Արեւմուտքը զբաղվում է ուկրաինական ճգնաժամով եւ աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունը պայքարում է COVID-ի համավարակի հետեւանքով առաջացած գնաճային ալիքի դեմ, իսկ գնաճը երկրում կհասնի վերջին 30 տարվա իր ամենաբարձր մակարդակին: Պահպանողական կուսակցության առաջատար հավակնորդներն են գանձապետարանի կանցլեր Ռիշի Սունակը եւ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը:

Երեքշաբթի Ջոնսոնը հերքել է իր նախկին խորհրդականի մեղադրանքն առ այն, որ ինքը ստել է խորհրդարանին փակ երեկույթի մասին՝ ասելով, որ ոչ ոք իրեն չի զգուշացրել, որ երեկույթին «սեփական խմիչքը բերելը» կարող է հակասել COVID-19-ի կանոններին:

Նա խուսափել է հարցերից` արդյո՞ք հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ մոլորության մեջ է գցել խորհրդարանը՝ ասելով միայն, որ ցանկանում է սպասել ներքին հետաքննության արդյունքներին։

Ջոնսոնը խորհրդարանում  ելույթ կունենա չորեքշաբթի` այն ​​բանից հետո, երբ նրա կաբինետը, ինչպես ակնկալվում է, կհաստատի Անգլիայում COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար սահմանված վերջին սահմանափակումների չեղարկման պլանները:

Ընդդիմության առաջնորդները Ջոնսոնին մեղադրել են ստախոսության մեջ եւ կոչ են արել թողնել պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ