News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դատարանը հայտնեց, որ դռնփակ է նիստն անցկացվելու, մենք միջնորդեցինք, որ դռնբաց դատական նիստ կայանա, նշեցինք, որ լրագրողներ էլ են սպասում, որպեսզի հանրության համար բաց լինի նիստը, ասվեց, որ նախաքննությունը գաղտնիության տրամաբանությամբ է իրականացվել, եւ մերժվեց միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Զինված ուժերին հրթիռների մատակարարման գործով մեղադրյալ, ԶՈւ Ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Վարույթ իրականացնող մարմինը, մեղադրանքի կողմն իրենց ցանկալի մեկնաբանություններոմ, կոնտեքստից կտրված մասեր էին ներկայացվում, դրանց շուրջ տարբեր անձինք մեկնաբանություններ էին անում, հանրության մոտ կարծիքներ են ձեւավորվել բացասական իմաստով, ում հարցնեն, կասեն՝ էս գործին վերաբերող հրթիռներն անորակ են, մինչդեռ դրանք պիտանի են կրակելու համար, ինչը հաստատված փաստ է, բայց հասարակությա մակարդակով կարծիք է ձեւավորվել, որ պիտանի չեն դրանք։ Դրա համար պաշտպանական կողմը պայքարում էր, որ նիստը ֆռնբաց լինի, որ բոլորը տեսնեն՝ ինչ է եղել իրականում, տեսնեն՝ արդյո՞ք համապատասխանում է իրականությանն այն ամենը, ինչ ներկայացվել է նախաքննական փուլում։ Ցավոք, դատարանը մնաց դռնփակ դատական նիստ անցկացնելու իր դիրքորոշմանը, մենք նույնիսկ միջնորդեցինք, որ կարող է մասնակի դռնփակ արվել, խնդրում էինք մեջբերել այն տվյալները, որոնք գաղտնիք են, իսկ գաղտնիք լինելը դեռ չի նշանակում դռնփակ ռեժիմ, եթե դա չի սպառնում պետական անվտանգությանը, իսկ այն ամենն, ինչը կարող էր սպառնալիք լիներ, պետական մարմինները հրապարակել են առաջին օրվանից, այն ամենը, ինչ թշնամին կարող էր իմանալ, պետական մարմինները հրապարակել են արդեն։ Դատավորի մասով ապահովության միջոց է սա, որպիսի չստացվի՝ դռնփակ պետք է լիներ, բայց դռնբաց է եղել, հետո որ խնդիր չունենա, որ այնպես չի արել, բայց քանի որ դատախազությունը միջնորդել էր դռնփակ լիներ, իմ կարծիքն այն է, որ ուզում են դռնփակ լինի։ Օրեր առաջ Գլխավոր դատախազի տեղակալը Հ1-ի եթերում բավական մանրամասն տեղեկություններ հատնեց, ԱԱԾ-ն նույնպես հայտնում է, տարբեր պետական պաշտոնյաներ այնպիսի տվյալներ են հայտնում, որ նույնիսկ իրենք չպետք է իմանային, բայց գիտեն, եւ ներկայացնում են իրենց սեփական մեկնաբանությամբ։ Մեր նպատակն այն է, որ ամեն ինչ բացահայտ լինի, ապացույցների հետազոտմանը հանրությանն ականատես լինի, եւ տպավորություն ձեւավորեք ինքներդ, ոչ թե ուրիշների  մեկնաբանության վրա։ Թե՛ պարոն Տոնոյանը, թե՛ մյուս ամբաստանյալները եւ պաշտպանները պահանջում էին դռնբաց լինի նիստը՝ պայմանավորված նրանով, որ բոլոր փաստերը հրապարակային քննարկվեն, բոլորին պարզ լինի՝ ինչ է կատարվում»,- նշեց պաշտպանը։

Սարգսյանի խոսքով՝ քրեական գործի՝ քննող դատավորին ձեռքով մակագրելը խնդիր է պաշտպանական կողմի համար, քանի որ, պնդում է, այդ դեպքում դատաքննությունն անօրինական է դառնում։

«Ոչ թե օրենքով սահմանված կարգով՝ համակարգչով, այբբենական հերթականությամբ է գործը մակագրվել դատավորին, այլ վստահ ենք, որ ձեռքով, իսկ միայն դատավոր նշանակվելը դեռ օրենքով ստեղծված դատարան չէ, պետք է օրենքով սահմանված կարգի պահպանմամբ դա կատարվի, իսկ եթե դատարանի նախագահի կողմից իր նախընտրած դատավորին է քրեական գործը մակագրվել, սա արդեն խախտում է պատահակնության սկզբունքը, եւ արդար դատաքննության իրավունքի մասին խոսել բացարձակապես հնարավոր չի։ Սա ամբողջ դատաքննությունն անօրինական է դարձնում՝ անկախ ապացույցներից»,- նշեց փաստաբանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ հունվարի 19-ին, մեկնարկեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաեւ, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթեւոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Բարձրաստիճան նախկին եւ ներկա պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, համարում են այն շինծու քրեական գործ։

Նրանք պահանջում էին նախաքննության ընթացքում հրթիռները փորձարկելու միջոցով հիմնավորել դրանց՝ անպիտան լինելը։ Մինչդեռ ԱԱԾ-ն որտեղ քննվել է այս գործը, հրաժարվել է մի շարք փորձաքննություններից, ինչը փաստաբանները կասկածելի են համարում։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով։ Նա ակնարկում է, որ տիրապետում է պետական գաղտնիքների, ինչը ընկալվում է որպես դրանք հրապարակելու սպառնալիք՝ ուղղված իշխանություններին։

Նրա փաստաբանները տարածած վերջին հայտարարությունում նշել են, որ ԱԱԾ-ն եւ տարբեր շրջանակներ այս քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ։ Ըստ փաստաբանների՝ Տոնոյանն անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը։

Տպել
Ամենաշատ