News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ստամբուլի Շիշլի թաղամասում «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության դիմաց այսօր՝ հունվարի 19–ին, տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության 15–րդ տարելիցի սգո միջոցառում։

Ինչպես տեղեկացնում է թուրքական BirGun պարբերականը, որի սյունակագիրներից էր Հանտ Դինքը, սպանության վայրում հերթական հիշատակի միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ քաղաքական գործիչներ, լրագրողներ, պաշտոնյաներ, մտավորականներ եւ շարքային քաղաքացիներ։

Միջոցառման եկածները իրենց հետ բերել էին «Բոլորս Հրանտ ենք», «Սպանությունը թաքցնողը սպանության հանցակից է», «Ֆաշիզմի դեմ պայքարում քո կողքին ենք, Հրանտ», «Այստեղ ենք, ախպարիկ»  գրություններով պաստառներ։

Ելույթ է ունեցել նաեւ Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, շեշտելով, որ Թուրքիայում շարունակվում է «թող խոսեն զենքերը, ոչ թե մարդիկ» քաղաքականությունը՝ նա նշել է, որ 15 տարի անց էլ Դինքի հետեւորդները չեն կտրելու արդարության վերականգման հույսը։

Նշենք, որ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր եւ հայտնի հայ գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի այս օրը հենց իր խմբագրության դիմաց։  Երկար տարիներ տեւած դատական գործընթացում այդպես էլ չեն բացահայտվել սպանության իրական պատվիրատուները, իսկ հանցագործությունը կազմակերպած անձանց մեծ մասը համապատասխան պատժի չի արժանացել, չնայած բազմաթիվ վկայություններին ու փաստերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ