News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արցախի եւ Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը մեջբերեց՝ «Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը», ապա հիշեցրեց, որ դրանից 28 տարից անց` 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, հնչել է մեկ այլ միտք`«Առանց Արցախ Հայաստան չկա»։

«Սակայն, ի տարբերություն Մոնթեի, այստեղ խոսքի ու գործի միջև որոշակի տարբերություն կա, նաև, հետագայում պարզվեց, որ խոսքի ու խոսքի տարբերություն կա, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 22-ին «Առանց Արցախ Հայաստան չկա» խոսքի հեղինակը, որը Նիկոլ Փաշինյանն է, հայտարարեց, որ «Արցախը մեզ համար ոչ թե տարածք է, այլ` իրավունք»: Կխնդրեմ, որ պարոն Փաշինյանը վերահաստատի «Առանց Արցախ Հայաստան չկա» իր դիրքորոշումը», - հայտարարեց Ղազինյանը՝ դիմելով վարչապետին:

Փաշինյանն էլ արձագանքեց․ «Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ Երևանի պետական համալսարանի պատերի տակ ծվարած կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա ու շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք, ԵՊՀ ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով, 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ կաշառքներ հավաքելով, միլիոնատեր դառնան»:

Ինչ վերաբերում է ձեր գործելակերպին` մենք մեր ասելիքն ասում ենք, մենք ասում ենք այն, ինչ նպատակահարմար ենք համարում ու այն, ինչ ասել ենք, կառավարության ծրագրում գրած է, բացեք, կարդացեք, եթե հիշողության հետ կապված խնդիրներ ունեք, կրկնեք, անգիր արեք ու մեզ չասեք` «այս նախադասությունը կարո՞ղ եք ասել, թե՞ չեք կարող». մենք կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան», - հայտարարեց Փաշինյանը։

«Հասկանում է, որ ԵՊՀ-ն Ձեր հոգում խորը հետք է թողել ու համալսարանի անվանումը ոչ հաճելի ասոցացիաներ է առաջացնում, չեմ ուզում խորանալ այդ սպիտակ, դեղին, պատի թերթերի, պատի տակի խոսակցություններին, խնդրեմ՝ եթե կան ապացույցներ, դուք կարողանում եք թե հրահանգել, թե ասել՝ ինչը ոնց անեն, ասեք, թող զբաղվեն համապատասխան մարմինները: Դուք հիմա հրաժարվո՞ւմ եք հաստատել, որ Արցախը եղել է, կա ու կմնա հայկական»,- իր հերթին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը՝ կրկին հնչեցնելով իր հարցը։

Փաշինյանն էլ արձագանքեց՝ Հայաստանի վարչապետի ու կառավարության դիրքորոշումներն արտահայտված են ՀՀ կառավարության ծրագրում, ՀՀ վարչապետի ելույթներում։

«ՀՀ վարչապետը ձեր պասի կարիքը չունի, որ ինչ-որ բան հայտարարի կամ չհայտարարի: Փաստերով ես չէ, որ պիտի զբաղվեմ, պիտի իրավապահ մարմինները թող զբաղվեն, եթե կան, թող զբաղվեն, եթե չկան, թող չզբաղվեն։ Իսկ ԵՊՀ-ն իմ հոգում, իհարկե, շատ մեծ հետք է թողել, բայց գրպանումս ոչ մի հետք չին թողել»,- եզրափակեց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ