News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինա ներխուժումը «աղետ» կդառնա Ռուսաստանի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ դաշնակիցներն ու գործընկերները պատրաստ են ստիպել ռուսական տնտեսությանը «լուրջ գին վճարել»։ Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ «փոքր ներխուժումը» ավելի քիչ արձագանք կառաջացնի, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ն 600 միլիոն դոլար արժողությամբ առաջադեմ ռազմական տեխնիկա է ուղարկել Ուկրաինա, ինչի արդյունքում Ռուսաստանը մեծ կորուստներ կկրի ներխուժման դեպքում: «Պուտինը պարզ ընտրություն ունի,- ասել է Բայդենը,- դեէսկալացում եւ դիվանագիտություն կամ ներխուժում եւ հետեւանքներ»: Սակայն, ըստ նրա, ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ կոնսենսուս չկա` թե ինչպես պատասխանել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային։
Բայդենը հիշեցրել է, որ Ռուսաստանը Եվրոպայի հիմնական էներգիա մատակարարողներից է, եւ եվրոպական գազի արտահանումից ստացված եկամուտները կազմում են ռուսական տնտեսության 45 տոկոսը։ Բայդենը ենթադրել է, որ ներխուժման դեպքում Ռուսաստանը կկորցնի այդ եկամուտները։ Խնդիրներ են սպասում նաեւ ռուսական արժույթին:

«Ես խոսել եմ Ֆինլանդիայի վարչապետի հետ, մենք քննարկել ենք Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մտահոգություններն առ այն, թե ինչ է անում Ռուսաստանը։ Վերջինը, ինչ ցանկանում է Ռուսաստանը, Ֆինլանդիայի որոշումն է՝ փոխել իր կարգավիճակը [հրաժարվել չեզոքությունից եւ միանալ ՆԱՏՕ-ին]»,- Բայդենը՝ հավելելով, որ Ֆինլանդիայի կողմից դեռ որոշումներ չեն կայացվել։

Բայդենը պատմել է, որ, չնայած Ռուսաստանի նախագահի հետ բավականին անկեղծ քննարկումներին, ինքը լիովին չի հասկանում Պուտինին, իսկ Պուտինը լիովին չի հասկանում իրեն։ Բայդենի խոսքով՝ անձնական զրույցում նա հիշեցրել է Պուտինին, որ Ռուսաստանն «արդեն օկուպացրել է այլ երկրների տարածքները՝ իր համար կասկածելի օգուտներով, եւ որ Ուկրաինայի օկուպացիան շատ թանկ կարժենա Մոսկվային»։

Ռուսաստանը «ճնշող ռազմական առավելություն ունի Ուկրաինայի հետ հարաբերություններում. բայց այն  լուրջ գին կվճարելի անմիջապես, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում»։

Բայդենը հույս է հայտնել, որ Պուտինը շահագրգռված չէ լայնածավալ պատերազմով եւ որ նա այժմ պարզապես ստուգում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժը։ Նա նշել է, որ Պուտինը փորձում է Ռուսաստանի համար տեղ գտնել «ժամանակակից աշխարհում Չինաստանի եւ Արևմուտքի միջեւ. «Վստահ չեմ, որ նույնիսկ ինքն է հասկանում, թե ինչ է անելու»։

Ըստ Բայդենի՝ Պուտինը պնդել է, որ, նախ, Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, երկրորդ՝ ՆԱՏՕ-ն ուկրաինական տարածքում ռազմավարական զենք չի տեղակայի։ «Մենք կարող ենք աշխատել երկրորդ կետի վրա»,- ասել է Բայդենը։

Նա նաեւ «անհավանական» է անվանել Ուկրաինայի`մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը՝ այսօր այդ երկրում ժողովրդավարության հետ կապված առկա խնդիրների պատճառով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ