News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախօրեին երկկողմ հարաբերությունների իրողությունների եւ հեռանկարների մասին NEWS.am-ը զրուցեց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունի հետ։

2022 թվականին Չինաստանը եւ Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Որպես Հայաստանում Չինաստանի դեսպան՝ ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-չինական ներկայիս հարաբերությունները։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարից։

Չինաստանն եւ Հայաստանը լավ բարեկամներ ու գործընկերներ են, որոնց հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա։ Երկու ժողովուրդների բարեկամական կապերի պատմությունը սկիզբ է առնում դեռեւս Մետաքսի ճանապարհի հնագույն շրջանից: 1992 թվականին Չինաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, երկու երկրների հարաբերությունները զարգացել են կայուն եւ առողջ կերպով: Երկու կողմերն ակտիվորեն բանակցություններ են վարում ամենաբարձր մակարդակով, մշտապես ամրապնդվում է քաղաքական փոխադարձ վստահությունը։ Վերջին տարիների ընթացքում պաշտոնական այցով Հայաստան են այցելել Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական հանձնաժողովի փոխնախագահ Շեն Յուեյուեն եւ Պետական խորհրդի անդամ, արտգործնախարար Վան Ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը եւ հանդիպել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի եւ ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցիանի հետ, ինչը դրական ազդեցություն է թողել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա։ 2021 թվականին Հայաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ խոսնակը եւ պետական այլ ղեկավար անձինք, բազմաթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ Հայաստանի իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետական» կուսակցությունը եւ Հայաստանի այլ խոշոր քաղաքական կուսակցություններ, հրավիրվել են մասնակցելու Չինաստանի Կոմունիստական կուսակցության եւ համաշխարհային քաղաքական կուսակցությունների գագաթնաժողովին։ Հայաստանում փոստային ծառայության ազգային օպերատոր «Հայփոստը» թողարկել է «Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյա հոբելյանը» հատուկ նամականիշներ, որոնք մեծ դրական արձագանք են ստացել հասարակության մեջ: 2021 թվականի սեպտեմբերին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ վարչապետ Լի Կեցիանը շնորհավորական նամակներ են հղել ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ: ՉԺՀ հիմնադրման 72-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 1-ին այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենք։

Երկու երկրների միջեւ մարդասիրական համագործակցությունը անընդհատ զարգանում է եւ մշտապես նոր արդյունքներ է գրանցում։ Հայաստանում սրընթաց զարգանում է չինարենի ուսուցումը, բացվել է Հայ-չինական բարեկամության դպրոց, որը կառուցվել է չինական կողմի աջակցությամբ։ Կոնֆուցիոսի ինստիտուտում չինարեն լեզվի ուսուցման որակը մշտապես բարելավվում է, եւ շարունակում է աճել չինարեն ուսումնասիրող տեղացի ուսանողների թիվը, որը հասնում է գրեթե 3000-ի: Հայ ժողովրդի, հատկապես երիտասարդների շրջանում աճում է հետաքրքրությունը Չինաստանի եւ չինական մշակույթի նկատմամբ։ Հաջողությամբ ուժի մեջ է մտել Չինաստանի եւ Հայաստանի միջեւ ազատ վիզայի ռեժիմի համաձայնագիրը, երկու կողմերն էլ ակտիվորեն աշխատում են երկրների միջեւ ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ: Երկու երկրների միջեւ կադրերի փոխանակումը շարունակում է զարգանալ։

2022 թվականի ապրիլին Չինաստանը եւ Հայաստանը կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը նշանակալի իրադարձություն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Գտնվելով պատմական նոր իրադարձությունների սկզբնակետում՝ երկու կողմերն այսուհետեւ եւս կամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը, սերտորեն կհամագործակցեն միջազգային տարբեր ասպարեզներում, վճռական օգնություն կցուցաբերեն միմյանց փոխադարձ հետաքրքրություն եւ փոխադարձ շահ ներկայացնող հարցերի լուծման մեջ, կպաշտպանեն իրենց ինքնիշխանությունը, կապահովեն ազգային անվտանգությունը եւ կայուն զարգացումը, ինչպես նաեւ կպաշտպանեն անաչառությունն ու արդարությունը միջազգային ասպարեզում: Երկու կողմերը պետք է օգտագործեն պատմական հնարավորությունը եւ առաջ մղեն`«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ շինարարության որակյալ զարգացումը, օգտագործեն համագործակցության ներուժը՝ առեւտրի, տնտեսության եւ ներդրումների, բժշկության, առողջապահության եւ այլ ոլորտներում՝ ստեղծելով աճի նոր կետեր համագործակցության ընդլայնման համար եւ ամրապնդելով Չինաստանի ու Հայաստանի միջեւ նյութական ու սոցիալական հիմքերը: Այս ամենը կնպաստի Չինաստանի ու Հայաստանի հանրությունների միասնական ճակատագրի կառուցմանը: Երկու կողմերը պետք է ամրապնդեն ավանդական բարեկամությունը, ակտիվորեն խթանեն մարդասիրական փոխանակումները, պայմաններ ստեղծեն կրթության, մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների, երիտասարդության եւ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման համար, որպեսզի երկու երկրների ժողովուրդների միջեւ հավերժական ավանդական բարեկամությունը շարունակվի փոխանցվել սերնդեսերունդ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 30 տարվա ընթացքում Չինաստանն ու Հայաստանը պրակտիկ համագործակցության տարբեր ոլորտներում արգասավոր արդյունքների են հասել։ Ինչպե՞ս եք Դուք տեսնում երկու երկրների հարաբերությունների զարգացման հետագա հեռանկարները։

Պրակտիկ համագործակցությունը` Չինաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների հիմքն է եւ երկու երկրների համատեղ զարգացման կապող օղակը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, հայ-չինական համագործակցությունը տնտեսական եւ առեւտրի ոլորտներում զգալի առաջընթաց է գրանցել։ 2009 թվականից առ այսօր Չինաստանը Հայաստանի համար երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է, եւ երկկողմ առեւտրի ծավալը շարունակում է ավելի ընդլայնվել։ Ըստ չինական կողմի վիճակագրության, 2019 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 750 միլիոն ԱՄՆ դոլարը՝ ավելանալով ավելի քան 46 %-ով։ Կորոնավիրուսային համաճարակի բռնկումից հետո Չինաստանն ու Հայաստանը միավորեցին ուժերը՝ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։ Հայաստանի պետական ծառայողները եւ խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել են Չինաստանի կազմակերպած միջազգային առեւտրային միջոցառումներին, ինչպիսիք են՝ Չինական միջազգային արտահանման ԷՔՍՊՈ-ն, Չինաստանի արտահանման եւ ներմուծման ապրանքների կանտոնյան տոնավաճառը, Ծառայությունների առեւտրի չինական միջազգային տոնավաճառը եւ այլն։  Չինաստանի հետ համագործակցության հանդեպ հետաքրքրությունը շարունակում է աճել։ 2021 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում երկկողմ առեւտրի ծավալը հասել է 1,3 միլիարդ դոլարի, ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է։ Այս ցուցանիշի շնորհիվ Հարավային Կովկասի երեք երկրների շարքում Հայաստանը առաջատար է հանդիսանում: Սա վկայում է հայ-չինական պրակտիկ համագործակցության հսկայական ներուժի եւ լայն հեռանկարների մասին։ Ներկայումս, հաջողությամբ առաջ են գնում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի, հանքային ջրերի գործարանի կառուցումը, ենթակայանների եւ ֆոտոէլետրակայանների վերափոխումը եւ այլն, որոնք դրական ներդրում են երկրի տնտեսական զարգացման մեջ, ինչպես նաեւ հեշտացնում եւ բարելավում են Հայաստանի բնակչության կյանքը։ 2021 թվականի վերջին կողմերը Հայաստանում հեռուստատեսային ստուդիա ստեղծելու նախագծի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրվել, ինչը Չինաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական համագործակցության եւս մեկ վկայություն կդառնա։

2013 թվականից Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սկսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» շինարարության նախաձեռնությունը: Չինական կողմը նախատեսում է բարձրորակ զարգացման համակողմանի խթանում, զարգացման նոր ճարտարապետության կառուցում եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցում, «համատեղ խորհրդակցությունների, համատեղ շինարարության եւ համատեղ օգտագործման» սկզբունքին հավատարմություն: Ենթակառուցվածքների շինարարությունը կարեւոր ուղղություն է, կանոններն ու չափորոշիչները՝ կարեւոր աջակցություն են, իսկ շինարարությանը մասնակցող երկրների ժողովուրդների հետ ջերմ կապը՝ կարեւոր հիմք։ Պետք է ապահովել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության որակյալ զարգացումը, հասնել համագործակցության շոշափելի արդյունքների, որոնք որոնք օգուտ կբերեն գոտու երկայնքով տեղակայված բոլոր երկրների ժողովուրդներին: Հայաստանը հաստատակամորեն աջակցում եւ ակտիվորեն մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կառուցմանը։ Որպես լավ բարեկամ եւ լավ գործընկեր՝ չինական կողմը պատրաստ է ակտիվորեն կիսվել հայկական կողմի հետ պետական կառավարման եւ տնտեսական զարգացման իր օգտակար փորձով, ինչպես նաեւ զարգացնել համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման գործում՝ ընդհանուր բարգավաճման հասնելու համար:

2021 թվականի սեպտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը առաջ քաշեց համաշխարհային զարգացման նախաձեռնություն, որը կողմ է գործընկերության բաց ոգուն, ներառում է աղքատության կրճատում, պարենային անվտանգության ապահովում, COVID-19-ի դեմ պայքար, պատվաստանյութեր, կլիմայի փոփոխության դեմ պայքար, կանաչ զարգացում, արդյունաբերականացում, թվային տնտեսություն եւ ենթակառուցվածքների փոխկապակցվածություն: Սա համագործակցության նոր հնարավորություններ է բացում ամբողջ աշխարհի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Հավատում եմ, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանն ու Հայաստանը կկարողանան նոր աճի նոր կետեր գտնել համագործակցության հետագա զարգացման համար։

Ինչպե՞ս եք գնահատում Չինաստանի եւ Հայաստանի համագործակցությունը համաճարակի դեմ պայքարում։ Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի համաճարակաբանական իրավիճակն այսօր անկայուն է, կշարունակի՞ այսուհետեւ եւս Չինաստանը օգնություն տրամադրել:

Համաճարակի հենց սկզբից` Չինաստանն ու Հայաստանը օգնել են միմյանց եւ միավորել ուժերը համաճարակի դեմ պայքարում։ Չինաստանի համար համաճարակի դեմ պայքարի ամենադժվար պահերին Հայաստանը տարբեր եղանակներով արժեքավոր աջակցություն է ցուցաբերել մեզ։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին եւ ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, եւ դրականորեն մեկնաբանել Չինաստանի ձեռնարկած միջոցառումները այն կանխարգելելու ու հաղթահարելու ուղղությամբ, ՀՀ առողջապահության նախարարը` COVID-19-ի ծագման հետաքննման առնչությամբ հատուկ նամակ է հղել ԱՀԿ գլխավոր տնօրենին՝ դեմ արտահայտվելով այս խնդրի քաղաքականացմանը: Հայ ժողովուրդն ամեն կերպ աջակցել է Չինաստանին եւ չինացի ժողովրդին դժվարին պահերին՝ հասարակության տարբեր շերտերից բարեկամները աջակցող տեսահոլովակներ էին նկարահանում, նկարիչները նկարներ էին ստեղծում, բազմաթիվ ուսանողներ էին հանդես գալիս «Չինացի ժողովրդի հետ միասին» կարգախոսով՝ ի ցույց դնելով ամուր բարեկամական կապը երկու երկրների միջեւ։ Հայկական կողմը նաեւ ակտիվորեն օգնում էր չինական կողմին «Գարնանային պատվաստում» ակցիան իրականացնելու համար, որն ուղղված էր արտասահմանում գտնվող հայրենակիցներին  կորոնավիրուսի դեմ պատվաստելուն։ Չինացի ժողովուրդը երբեք չի մոռանա հայ ժողովրդի աջակցությունը:

Հայաստանում COVID-19-ի համավարակի բռնկումից հետո չինական կառավարությունը եւ հասարակության բոլոր հատվածները նույնպես ակտիվ քայլեր ձեռնարկեցին եւ օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին՝ տրամադրելով հակահամաճարակային նյութերի մի քանի խմբաքանակ, ինչպիսիք են ԹԱՕ սարքերը, պաշտպանիչ կոստյումները, բժշկական դիմակները, կորոնավիրուսի ախտորոշման թեստային համակարգերը։ Նրանք նաեւ փորձի փոխանակում են անցկացրել համաճարակների կանխարգելման եւ վերահսկման վերաբերյալ եւ աջակցել հակահամաճարակային նյութերի ձեռքբերմանը: 2021 թվականի մայիսին Չինաստանի կառավարության աջակցությամբ Երեւան է ժամանել «Սինովակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ՝ շտապ օգտագործման համար։ Չինական կողմը հայկական կողմին օգնել է Չինաստանից գնել «Սինոֆարմ» պատվաստանյութի ընդհանուր առմամբ 1,2 մլն չափաբաժին՝ չորս խմբաքանակով։ Հայկական կողմը նաեւ ստացել է «Սինոֆարմ» պատվաստանյութի 204 000 դեղաչափ՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիությունն ապահովող համաշխարհային COVAX մեխանիզմի շրջանակում։ Ներկայում չինական պատվաստանյութը Հայաստանում ամենամեծ պահանջարկն ունի, իսկ չինական պատվաստանյութով պատվաստումների թիվը 3-4 անգամ ավելի է, քան մյուս պատվաստանյութերով, ինչը լիովին ապացուցում է չինական պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։

Այժմ աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը դեռեւս շարունակվում է, կորոնավիրուսի վերջին մուտացիան՝ «օմիկրոն» շտամը, շարունակում է մոլեգնել, իսկ համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ բարդ ու լարված։ Այս դժվարին պահին չինացի ժողովուրդը ամուր կանգնած է հայ ժողովրդի կողքին եւ այսուհետեւ եւս կշարունակի իր հնարավորությունների սահմաններում օգնություն ցուցաբերել հայկական կողմին, փոխանցել հակահամաճարակային իր փորձը, ակտիվացնել երկկողմ համագործակցությունը բժշկության եւ առողջապահության ոլորտում, ինչպես նաեւ համատեղ ուժերով աշխատել մարդկության միասնական առողջապահական հանրություն ստեղծելու ուղղությամբ։

Շուտով Պեկինում կմերկնակեն 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը,  ինչպիսի՞ն են Ձեր ակնկալիքները:

Հաջորդ ամիս Պեկինում կմեկնարկեն 2022 թվականի Ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերը։ Չինաստանը հավատարիմ է մնում «Էկոլոգիապես մաքուր օլիմպիական խաղեր», «Համատեղ օլիմպիական խաղեր», «Թափանցիկ օլիմպիական խաղեր» եւ «Արդար օլիմպիական խաղեր» նշանաբաններին։ Պեկին-2022-ի օլիմպիական խաղերն առանձնանում են նաեւ գիտական եւ տեխնոլոգիական, էկոլոգիապես մաքուր եւ խնայողական հատկանիշներով։ Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից կատարվող եւս մեկ կարեւոր ներդրում է բնակչության շրջանում սպորտի տարածման եւ ընդհանրապես միջազգային օլիմպիական ոգու բարձրացման գործում:  2022 թվականի սկզբին, երբ նախագահ Սի Ծինփինը ստուգեց Պեկինի Ձմեռային օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ Պեկինի Ձմեռային օլիմպիական եւ պարալիմպիկ ձմեռային խաղերի հաջող կազմակերպումը Չինաստանի հանդիսավոր խոստումն է միջազգային հանրությանը: Մի քանի տարվա ջանքերից հետո Պեկինի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են, իսկ ձմեռային օլիմպիական բեմն արդեն կառուցվել է։ Չինաստանը լիովին հավատում է միջոցառման արժանի կազմակերպմանը եւ ողջ աշխարհի համար տպավորիչ, արտասովոր եւ առանձնացող օլիմպիական խաղերի անցկացմանը։

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը մեծ իրադարձություն են մարզիկների եւ ձմեռային մարզաձեւերի սիրահարների համար: Սա ոչ մի դեպքում քաղաքական շոուի բեմ չէ։ Ներկայում միջազգային հանրությունը անհամբեր սպասում է օլիմպիական խաղերին, եւ ավելի ու ավելի շատ երկրներ են աջակցում Պեկինի օլիմպիական խաղերին։ Կորոնավիրուսի նոր համաճարակի պայմաններում օլիմպիական խաղերը հյուրընկալելու Չինաստանի ջանքերը վեհանձն գործ է՝ ուղղված միջազգային պարտավորությունների կատարմանը։ Ձյունաճերմակ ձմեռային սպորտաձեւերը չեն հանդուրժի քաղաքական «կեղտոտ» հաշվարկներ։ Օլիմպիական խաղերի քաղաքականացումը հակասում է օլիմպիական ոգուն, նման արարքը ընդունելի չէ եւ անպայման կձախողվի։

Վերջերս Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասերյանն իր հարցազրույցում նշել էր, որ Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզական պատվիրակությունը ակտիվորեն պատրաստվում է մրցումներին։ Նա հուսով է, որ բոլոր երկրների մարզիկները կհետեւեն Չինաստանի կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումներին եւ վստահ է, որ համատեղ ջանքերով օլիմպիական խաղերը կդառնան հաջող, անվտանգ եւ անմոռանալի սպորտային տոն։ Հայաստանի օլիմպիական կոմիտեն նույնպես տեղեկացրել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությանը, որ հայկական կողմը լիովին աջակցում է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին,  ակտիվորեն մասնակցելու է դրանց, եւ հայկական պատվիրակության նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Պեկինը լավ տեղ է։ 2008 թվականին Պեկինում կայացած ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկները նվաճեցել էին հինգ մեդալ՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Հայաստանի մարզիկներին մաղթում եմ մեծ հաջողություն Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում եւ հուսով եմ, որ դա նոր ներդրում կունենա Չինաստանի ու Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում եւ կնպաստի երկու երկրների միջեւ սպորտային փոխանակումների ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ