News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքերին կոչ է արել արտարժույթը վաճառել լիրայով՝ բանկային դեպոզիտների նոր սխեմայի հաջողության շանսերն ավելացնելու համար։

Դեպոզիտ ունեցողները 163 մլրդ լիրա (12,1 մլրդ դոլար) են դրել նոր հաշիվներում, որոնք նախատեսված են լիրայի արժեզրկումից ավանդատուների պաշտպանության համար, ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո։ Հոսքերն ավելացել են ուրբաթ ֆինանսների նախարարի հայտարարած 131 մլրդ լիրայից։

Թուրքիան  դեպոզիտների նոր համակարգ է մտցրել դեկտեմբերի 20-ին, այն բանից հետո, երբ լիրան արժեզրկվեց՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի դոլարի հանդեպ։ Արժույթը կորցրեց իր արժեքի 44 տոկոսը անցած տարի, բայց կայունացավ հունվարին՝ կորցնելով 1,4 տոկոս։

Թուրքական պետական բանկերը ճնշում են գործադրում իրենց հաճախորդների վրա, որպեսզի նրանք արտարժույթը վաճառեն եւ նոր հաշիվներում կապիտալը ներդնեն լիրայով, տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ, որն ավելի ուժեղացավ 2021թ. վերջին երեք ամիսներին, առաջ բերեց գնաճ, որը դեկտեմբերին արագացավ՝ հասնելով 36,1 տոկոսի տարեկան հաշվարկով, ինչն ամենաբարձրն է 2002 թվականից ի վեր։

Տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են հունվարի 7-ին ճյուղի վերահսկման գործակալության կողմից, նոր դեպոզիտային հաշիվներում գտնվող 163 մլրդ լիրան կազմում է Թուրքիայի բանկային համակարգում դեպոզիտների ընդհանուր ծավալի մոտ 3 տոկոսը՝ 5,42 տրլն լիրայի չափով։ Արտարժույթով դեպոզիտները 3,51 տրլն լիրայի չափով կազմում են այդ գումարի 65 տոկոսը։

Պետական բանկերը մտցրել են արդյունավետության չափանիշներ, որպեսզի ստիպեն իրենց աշխատակիցներին համոզել հաճախորդներին իրենց մոտ եղած արտարժույթը փոխարկել լիրայի։

Մի արտահանող Ռոյթըր գործակալությանը տեղեկացրել էր, որ իրեն այցելած բանկերի տնօրեններն ամբողջ ուժով փորձում էին վաճառել ավանդների նոր սխեման, չնայած նա նրանց բացատրել է, որ դա իր բիզնեսին հարմար չէ, որը հումքի համար վճարում եւ եկամուտ է ստանում արտարժույթով։

Դեպոզիտային ծրագրում ավանդադրված կապիտալի մեծ մասը ստացվում է լիրայով գոյություն ունեցող հաշիվներից։ Ֆինանսների եւ գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին անցած շաբաթ հայտարարել էր, որ միջոցների ներհոսքի մոտ 15 տոկոսը ստացվել է արտարժույթով հաշիվներից։

Թուրքիայի Կենտրոնական բանկը նաեւ հարկադրում է արտահանողներին իրենց եկամուտները փոխարկել լիրայի։ Այս ամիս ավելի վաղ  բանկը կանոններ է մտցրել, որոնք պահանջում են ընկերություններից փոխանակել իրենց արտարժույթով եկամտի 25 տոկոսը լիրայով։

Լիրան վաճառվում էր 0,8 տոկոս ցածր գնով՝ մեկ դոլարը 13,51 լիրա, հինգշաբթի տեղի ժամանակով ժամը 10.53-ին։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում Bank of America-ն, այս շաբաթ նախազգուշացրել էին, որ դեպոզիտների սխեման կարող է ֆինանսապես անկայուն լինել, եթե լիրան շարունակի կտրուկ արժեզրկվել։ Բրիտանական Standard Chartered բանկը հայտարարել էր, որ տարեվերջին ակնկալում է լիրայի արժեզրկում մինչեւ մեկ դոլարը 20 լիրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ