News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում կարող են խստացնել ավտոմեքենաների անվտանգության պահանջները։ Պլանավորվում է, որ տեղական շուկայում վաճառվող բոլոր նոր մարդատար ավտոմեքենաները, որպես ստանդարտ, հագեցած լինեն առնվազն վեց անվտանգության բարձիկներով, հայտնում է Gazeta-ն։

Ճանապարհային տրանսպորտի եւ մայրուղիների նախարարությունը հավանություն է տվել օրինագծին, ասել է նախարար Նիթին Գադկարին։

Նախաձեռնության համաձայն՝ մեքենաները պետք է հագեցած լինեն երկու դիմային եւ երկու կողային բարձիկներով՝ վարորդի ու առջեւի ուղեւորի համար, ինչպես նաեւ երկու «վարագույրով» սրահի ողջ երկարությամբ։

Ինչպես պարզաբանում է Hindustan Times-ը, նոր պահանջներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հոկտեմբերի 1-ից։ Հնդկաստանը կլինի առաջին երկիրը, որտեղ պարտադիր կլինի վեց անվտանգության բարձիկների առկայությունը։

Այժմ Հնդկաստանում բոլոր մեքենաների համար պարտադիր է անվտանգության երկու բարձիկը՝ մեկը վարորդի, մյուսը առջեւի ուղեւորի համար: Վարորդի համար բարձիկի կանոնը պարտադիր է դարձել 2019 թվականի հուլիսի 1-ից, իսկ առջեւի ուղեւորի համար՝ 2022 թվականի հունվարի 1-ից։

Ավտոմեքենաների որոշ մոդելներ կարող են լուրջ արդիականացման կարիք ունենալ վեց անվտանգության բարձիկներ տեղադրելու համար, նշում է Autocar India-ն: Սա կարող է զգալիորեն բարձրացնել մեքենաների արժեքը, հատկապես բյուջետային:

Հնդկական ավտոարտադրողների միությունը կասկածի տակ է դրել իշխանությունների այս գաղափարը: Նրա ներկայացուցիչն ասել է, թե տրանսպորտի նախարարությունը շարունակում է ավելի շատ ուշադրություն դարձնել մեքենաների ուղեւորների, քան երկանիվ տրանսպորտի ուղեւորների եւ հետիոտների անվտանգությանը: Նա նշել է, որ Հնդկաստանի բնակչության գրեթե 81%-ն օգտվում է երկանիվ տրանսպորտային միջոցներից, իսկ մեքենաների արժեքի բարձրացման պատճառով էլ ավելի քիչ մարդիկ կկարողանան դրանք գնել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ