News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը։

«Երեխայի մոտ առկա է ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում։ Վիճակը գնահատավում է կայուն ծանր։

Կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ»,- հայտնել է խոսնակը։

Ավելի վաղ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած երեխան ռուս խաղաղապահների ինքնաթիռով Երեւան է տեղափոխվել։

«Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Հաշվի առնելով վերջինիս կոտրվածքի բարդությունը ու վտանգավորությունը՝ բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երեւան ուղղաթիռով: ԱՀ կառավարությունը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ուղղաթիռի տրամադրման խնդրանքով, որը բավարարվել է նրանց կողմից, սակայն երեկվա վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Երեխան հիմա գտնվում է Երեւանում՝ բժիշկների վերահսկողության տակ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նախատեսվում են ծանր ու բարդ վիրահատություններ, եւ, հուսանք, կհաջողվի նրա առողջությունը հնարավորինս վերականգնել:

2020թ. պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ուղղաթիռի օգտագործման նման հրատապ կարիք է ծագել, եւ, բարեբախտաբար, հաջողվել է խնդիրը լուծել: Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին եւ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ այս մարդասիրական բնույթի սուր խնդիրն արագ ու արդյունավետորեն լուծելու համար: Սա Արցախում ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեության եւ մեր համագործակցության հերթական օրինակն է»,- հայտնել էր Բեգլարյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ