News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի օմբուդսմենը սահմանի անվտանգության ապահովման հարցում պետք է աշխատի թե՛ գորոծղ իշխանության, թե՛ ընդդիմության հետ։ Այս մասին հունվարի 24-ին Ազգային ժողովի նիստում, հանրապետության նոր օմբուդսմենի ընտրության հարցի քննարկման ընթացքում, ասաց պաշտոնի միակ թեկնածու, արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Խորհրդարանականները, մասնավորապես, հիշեցրին հանրապետության գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի ակտիվ գործունեությունը։ Նրանց խոսքով՝ Թաթոյանը բավական ակտիվ է հանդես եկել հայտարարություններով Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումների հետ կապված։  Նա բազմիցս այցելել է սահմանամերձ բնակավայրեր՝ բոլոր անհրաժեշտ փաստերը հավաքելով։

Թեկնածուի կարծիքով՝ պետական սահմանի անվտանգության խնդրի լուծման գործում, հատկապես միջազգային կազմակերպություններում, զգալի դեր կարող է խաղալ նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը։

Գրիգորյանի խոսքով՝ այդ կազմակերպություններում, հարցի քաղաքական կոմպոնենտի կողքին, հաշվի է առնվում նաեւ մարդու իրավունքների (կյանքի, անվտանգության, սոցիալական պաշտպանության, կրթության) ապահովման խնդիրը։

«Ես կհամագործակցեմ թե՛ կառավարող ուժի, թե՛ ընդդիմության, թե՛ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի այսօր բարձրացված հարցերը լուծում ստանան։ Ես հեռու եմ այն գայթակղությունից, թե օմբուդսմենի ազդեցության միակ գործիքը հայտարարությունն է»,- ասաց թեկնածուն։

Հիշեցնենք, որ  կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս պաշտոնին առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Քրիգորյանի թեկնածությունը։ Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա փետրվարի 23-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ