News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել է թրծակավե բանակի ավելի քան 20 զինվոր, տեղեկացնում է չինական CGTN հեռուստաալիքի կայքը։

Թրծակավե բանակ են կոչվում չինացի զինվորների մի քանի հազար խեցե արձանիկները։ Դրանք թաղվել են կայսր Ցին Շիհուանդիի դամբարանի մոտ, ներկայիս Շենսի նահանգի տարածքում, ենթադրվում է, որ զինվորները պետք է ծառայեին տիրակալին անդրշիրիմյան կյանքում։

Վերջերս գտնված արձանիկները հայտնաբերվել են թիվ մեկ փոսի նոր պեղումների ժամանակ։ Կայսր Ցին Շիհուանդիի դամբարանի թանգարանի ներկայացուցիչների խոսքով՝ ներկված խեցեղենը հիանալի է պահպանվել։ Ներկա պահին արձանիկները տեղափոխվել են վերականգնման համար նախատեսված շինություն։

Գտնված արձանիկներից մեկը գեներալ է, կա նաեւ միջին դասի սպայի արձանիկ։

Հնագետները հայտնաբերել են, որ թիվ մեկ փոսում զինվորների դասավորությունը կարող է սիմետրիկ լինել հյուսիսից հարավ եւ արեւելքից արեւմուտք։ Այս բացահայտումը կարող է մեծ նշանակություն ունենալ՝ հասկանալու համար այդ դամբարանում զինվորների դասավորության իմաստը։

Թիվ մեկ փոսն ունի 230 x 62 մետր չափերով, 5 մետր խորությամբ ուղղանկյան ձեւ։ Ելնելով թաղման վայրի խտությունից՝ հնագետները կարծում են, որ դրանում կարելի է գտնել ավելի քան վեց հազար զինվորի եւ ձիու արձանիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ