News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2021 թվականը «ամենահակասեմական տարին է եղել վերջին տասնամյակում»։ Այս մասին ասվում է Իսրայելի համար Համաշխարհային սիոնիստական կազմակերպության եւ Հրեական գործակալության զեկույցում, հայտնում է AFP-ն։

Զեկույցի համաձայն՝ անցյալ տարի, միջին հաշվով, ամեն օր աշխարհում ավելի քան 10 հակասեմական միջադեպ է տեղի ունեցել, ինչը 10 տարվա առավելագույն ցուցանիշն է։

Միջադեպերի գրեթե կեսը տեղի է ունեցել Եվրոպայում, որին հաջորդում է ԱՄՆ-ը՝ 30 տոկոսով: Կանադան եւ Ավստրալիան նախորդ տարիների համեմատ միջադեպերի «զարմանալի» աճ են գրանցել։

Բայց թեեւ թվերը ցույց են տալիս, որ 2021 թվականը եղել է «ամենահակասեմական տարին վերջին տասնամյակում», միեւնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում «աշխարհում ոչ մի հրեա չի սպանվել հակասեմականության հողի վրա», ասվում է զեկույցում։

Կիսապետական Հրեական գործակալությունը Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գործադիր մարմինն է։

Հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան ընդառաջ հրապարակված զեկույցում նշվում է, որ հակասեմական դեպքերի մեծ մասը իրենցից «վանդալիզմ եւ ավերածություններ, գրաֆիտիներ եւ հուշարձանների պղծում ու քարոզչություն» են ներկայացրել: «Ֆիզիկական եւ բանավոր բռնության դեպքերը կազմում են բոլոր հակասեմական միջադեպերի մեկ երրորդից պակաս մասը»:

Զեկույցում ասվում է, որ նման դրվագներն ու հարձակումները գագաթնակետին են հասել մայիսին, երբ հրեական եւ մուսուլմանական փառատոները հանգեցրել են Իսրայելում բախումների եւ ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի:

Բացի այդ, այս ամիս, եվրոպական շատ երկրներ չեղարկել են իրենց կարանտինային սահմանափակումները, ինչը թույլ է տվել համացանցում տարածվող հակասեմականությանը «կրկին տարածվել հանրային տարածքով»:

«Covid-ի պատվաստանյութերի եւ սահմանափակումների դեմ բազմաթիվ ցույցերը ներառել են Հոլոքոստի մոտիվներ, ինչպիսիք են դեղին աստղը, ինչպես նաեւ հակասեմական դավադրության տեսությունները, որոնք հրեաներին մեղադրում են համավարակի տարածման մեջ՝ աշխարհը վերահսկելու համար»,- ասվում է զեկույցում:

Անցյալ շաբաթ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունեց պարտադիր ուժ չունեցող իսրայելա-գերմանական բանաձեւը, որը կոչ էր անում անդամ բոլոր երկրներին պայքարել Հոլոքոստի ժխտման եւ հակասեմականության դեմ, հատկապես՝ սոցիալական ցանցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ