News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այն փաստը, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձեւավորում ամենեւին փաստ չէ, որ դա կպսակվի սահմանադրական փոփոխություններով։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, առցանց մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է սահամանադրական բարեփոխումներ իրականացվելու, եւ, ո՞րն է խնդիրը 30 տարվա ընթացքում 5-րդ անգամ գնալ Մայր օրենքի փոփոխությանը։

«Ամենեւին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Մանավանդ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ դրանից առաջ էլ այդ թեման անընդհատ հանրային քննարկումների տիրույթում է։ Այն փաստը, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձեւավորում ամենեւին փաստ չէ, որ դա կպսակվի սահմանադրական փոփոխություններով։ Մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը եւ տեսնել՝ ինչ լավարկման տեղեր եւ հնարավորություններ կան։ Կամ Սահմանադրության աուդիտի բերումով գուցե օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնենք։ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում գրված է, որ 7-օրյա ժամկետում կարող է հետ վերցնել դիմումը. այստեղ շատ լուրջ հակասություններ կան։ Մենք կտեսնենք՝ ինչ նյութ է ձեւավորվում հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, որից հետո արդեն նաեւ քաղաքական որոշումներ կայացնելու հերթը կգա»,- նշեց Փաշինյանը։

Հարցին՝ արդյոք նախատեսված փոփոխություններով նպատա՞կ է հետապնդվում փոխել կառավարման համակարգը, օրինակ՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգին, վարչապետը պատասխանեց.

«Իմ անձնական համոզմունքն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի։ 2018 թվականի հեղափոխությունից հետո շատ էին փաստարկները եւ շատ կային մարդիկ, որոնք ինձ համոզում էին՝ եկեք, գնանք սահմանադրական փոփոխությունների, այսինքն՝ վերադառնանք կիսանախագահական համակարգի։ Հասկանալի էր, որ 2018 թվականից հետո այդ կարգի փոփոխությունները մեզ համար շատ մեծ հավանականություն կար, որ կանցներ, շատ մեծ հավանականություն կար, որ այդ ընտրություններից հետո ես կհաղթեի նախագահական ընտրություններում, բայց ես դեմ եմ արտահայտվել դրան, ասելով, որ նոր համակարգ է, եւ մենք պետք է հնարավորություն տանք, անընդհատ սահմանադրական փոփոխություններ անելն այդքան էլ լավ բան չէ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես սկսեցի մտածել՝ գուցե լրջորեն պետք է այդ մասին մտածել, բայց հետագայում արդեն, երբ մենք ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարեցինք, ես հասկացա՝ եթե մենք խորհրդարանական կառավարման համակարգում չլինենք, մեծ էր հավանականությունը, որ մենք լուրջ ցնցումների միջով կանցնեինք»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշման համաձայն Արդարադատության նախարարության կողմից  2021 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։ Արդյունքում խորհրդի անդամներ են ընտրվել «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ –ն, «Իրավունքի եվրոպա» ՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ «Հանրապետություն» կուսակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ