Վերջին մեկ տարում Candle նախագծի շրջանակներում Հայաստանը մոտ 3 մլն եվրոյի տարբեր գերժամանակակից սարքավորումներ է ստացել։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Նրա խոսքով՝ սպասվում է, որ առաջիկայում Հայաստանը կստանա եւս մոտ 300-400 հազ. եվրոյի սարքավորումներ։
«Դրանք օգտագործած սարքեր չեն, այլ ամբողջովին նոր, ժամանակակից սարքեր, ինչը բավականին լուրջ օգնություն է Հայաստանի համար»,-ասաց Ս. Հարությունյանը՝ նշելով որ միջազգային հանրությունը դրական է գնահատում Հայաստանում Candle նախագծի իրականացումը։ Ս. Հարությունյանը հույս հայտնեց, որ ստացվող սարքավորումների թիվը դեռեւս կավելանա, իսկ նախագծի իրականացումից հետո Հայաստանում կունենանք գիտության նոր որակ։
«Այս ծրագիրը գիտության ոլորտում մեծ թռիչք կապահովի։ Մեզ մոտ արագ տեմպերով կզարգանա նյութագիտությունը, կառուցվածքային կենսաբանությունը, մոլեկուլային դեղաբանությունը եւ այլն»,-ասաց Ս. Հարությունյանը:
Նրա համոզմամբ` արդի զարգացած տնտեսությունը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, իսկ Հայաստանի իրական զարգացման համար Candle-ի նման խոշոր նախագծեր են անհրաժեշտ:
Ս. Հարությունյանը նշեց նաեւ, որ աշխարհում ընդամենը 8-9 պետություն կա, որոնք ունեն ե’ւ ատոմակայան, ե’ւ արագացուցիչ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանը այս ծրագրի հաջող գործարկման պարագայում կարող է հայտնվել աշխարհի առավել զարգացած երկրների շարքում։
Նշենք, որ «ՔԵՆԴԼ»-ը (CANDLE-Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission) թարգմանաբար՝ սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն է նշանակում, որտեղ գիտնականներն ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ եւ նյութեր:
Շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոնը աննախադեպ կլինի հետխորհրդային, Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում:
Փորձագետների գնահատմամբ՝ արագացուցիչի արժեքը գնահատվում է մոտ 100 մլն դոլար: Պետությունը պատրաստ է ֆինանսավորել նախագծի արժեքի 25 տոկոսը:




























