News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կրկին ՌԴ-ին սպառնացել է կործանարար պատժամիջոցներով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակմամբ, հայտնում է AFP-ն։

«Մենք պատրաստ ենք սահմանել հսկայական հետեւանքներով պատժամիջոցներ», որոնք շատ ավելին են, քան նախորդ միջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան:

«Եթե Ռուսաստանը Ուկրաինա նոր ներխուժման հրաման տա, «մենք էսկալացիայի սանդուղքի վերեւից կսկսենք»։

Մեկնաբանելով Եվրոպայի մտավախությունները, որ Ռուսաստանը կարող է հակադարձել պատժամիջոցներին՝ սահմանափակելով սեփական էներգակիրների արտահանումը դեպի իրենից մեծապես կախված Եվրոպա, պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանը այդ կերպ նույնպես իրեն կվնասի: «Եթե Ռուսաստանը որոշի օգտագործել բնական գազի կամ հում նավթի իր մատակարարումները, դա անհետեւանք չի մնա Ռուսաստանի տնտեսության համար»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Թեեւ Եվրամիությունը իր մատակարարումների մոտ 40 տոկոսը ստանում է Ռուսաստանից, Մոսկվան նույնպես մեծապես կախված է իր ազգային բյուջեի համար էներգակիրների վաճառքից, ինչը նշանակում է «փոխկախվածություն»,- ասել է պաշտոնյան:

Միացյալ Նահանգները եւ նրա եվրոպացի դաշնակիցները էներգիայի այլընտրանքային աղբյուրների համաշխարհային շուկաներ են փնտրում, որպեսզի մեղմեն ցանկացած հակամարտության հետեւանքները, քանի որ Եվրոպան ձմռան կեսին արդեն պայքարում է էներգիայի գների աճի դեմ:

«Մենք աշխատում ենք աշխարհի երկրների եւ ընկերությունների հետ, որպեսզի ապահովենք մատակարարումների անվտանգությունը եւ մեղմացնենք գների աճի հետեւանքները»,- ասել է պաշտոնյան: «Չնախատեսված հանգամանքների դեպքի համար պլանավորումը» ներառում է Հյուսիսային Աֆրիկայում եւ Ասիայում մատակարարների հետ գազի արդյունահանման ժամանակավոր ավելացման բանակցություններ»:

Պաշտոնյայի խոսքով՝ հեղուկ բնական գազով աշխատող տանկերներն արդեն սկսել են վերաուղեւորվել Ասիայից, ինչը «զգալիորեն ազդել է Եվրոպայում էներգամատակարարումների կայունության վրա»:

Նա նշել է, որ տնտեսական պատժամիջոցները, որոնք պատրաստվում են ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ցանկացած ներխուժման, կներառեն նախկինում չօգտագործված սահմանափակումներ՝ բարձր տեխնոլոգիական ամերիկյան սարքավորումների արտահանման համար։ «Խոսքը բարդ տեխնոլոգիաների մասին է, որոնք մենք մշակում եւ արտադրում ենք»,- ասել է պաշտոնյան։

Սա կներառի արհեստական բանականություն, քվանտային հաշվարկներ եւ օդատիեզերական տեխնոլոգիաներ ու «շատ ծանր հարված կհասցնի [նախագահ Վլադիմիր] Պուտինի՝ իր տնտեսությունը արդյունաբերականացնելու ռազմավարական հավակնություններին»: «Սրանք այն ոլորտներն են, որոնք Պուտինն ինքը պաշտպանել է որպես ռուսական տնտեսությունը նավթից եւ գազից դուրս դիվերսիֆիկացնելու միջոց»,- ասել է պաշտոնյան: «Եւ շատ ու շատ դեպքերում, եթե Ռուսաստանը ցանկանում է զարգացնել այդ ոլորտները, նա պետք է ներմուծի տեխնոլոգիաներ եւ ապրանքներ, որոնք արտադրում ենք միայն մենք եւ մեր դաշնակիցներն ու գործընկերները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ