News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ Թաիլանդը պայմանավորվել են մոտ ապագայում դեսպանների փոխանակման մասին, ասվում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ, հայտնում է Reuters-ը։

Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Սա Թաիլանդի կառավարության ղեկավարի առաջին այցն է այն բանից հետո, երբ երկու երկրների հարաբերությունները սրվեցին ավելի քան 30 տարի առաջ՝ քանկարժեք իրերի գողության եւ չորս սաուդցի դիվանագետների սպանության պատճառով:

Պրայուտի երկօրյա այցը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հրավերով։

Սաուդյան Արաբիայի եւ Բանգկոկի միջեւ հարաբերությունները սրվել էին 1989 թվականի դիվանագիտական աղմուկից հետո, երբ սաուդյան արքայազնի պալատում աշխատող թաիլանդցի հավաքարարը մոտ 20 միլիոն դոլար արժողությամբ զարդեր էր գողացել:

1989-ին թանկարժեք քարերի գողությունը հանգեցրել էր մի շարք սպանությունների եւ հետաքննությունների, որոնք երկար տարիներ փակուղի էին մտցրել Սաուդյան Արաբիայի եւ Թաիլանդի միջեւ հարաբերությունները:

Էր-Ռիադի պալատներից մեկում թաիլանդացի աշխատողը Թաիլանդ վերադառնալուց հետո ձերբակալվել էր եւ բանտարկվել կողոպուտի համար: Թաիլանդի ոստիկանությունը առգրավել էր թանկարժեք քարերից մի քանիսը եւ վերադարձրել դրանք։

Բայց պարզվել էր, որ դրանց որոշ մասը կեղծ են, ինչը կասկածներ էր առաջացրել, որ բարձրաստիճան ոստիկանները եւ Թաիլանդի հզոր վերնախավի անդամները որոշել են թալանվածը թաքցնել, քանի որ 50 կարատանոց ադամանդն այդպես էլ չէր գտնվել: Գործի ընթացքում նաեւ Թաիլանդի բարձրաստիճան ոստիկան էր սպանության մեջ մեղավոր ճանաչվել։

1989 թվականի հունվարին իր տան դիմաց գնդակահարվել էր Բանգկոկում Սաուդյան Արաբիայի դեսպանատան երրորդ քարտուղարը, իսկ 1990 թվականի փետրվարին սպանվել էին նաեւ երկու սաուդցի դիվանագետներ: Ընդամենը մի քանի օր անց Բանգկոկից սաուդցի գործարարը անհետացել էր եւ ենթադրաբար սպանվել։

Սաուդյան Արաբիան, որը թանկարժեք քարերի հետ կապված աղմուկից հետո նվազեցրել է դիվանագիտական հարաբերությունները եւ դադարել թաիլանդցի նոր աշխատողների աշխատանքի ընդունել, տարիներ շարունակ հիասթափված էր սպանությունների եւ անհետացումների գործում առաջընթացի բացակայության եւ որեւէ մեկի չդատապարտվելու պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ