News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Ֆերնան Էտգենը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերի սերտացման և միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես՝ ԵԽԽՎ շրջանակներում, օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման ու ընդլայնման կարևորությունը։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ համաձայնագրի շրջանակներում հետևողականորեն զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ այս առումով կարևորելով նաև Լյուքսեմբուրգի աջակցությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Պատգամավորների պալատի կողմից բանաձևերի ընդունման համար՝ ի սատարումն Արցախի հայության և նրանց իրավունքների պաշտպանության և պատերազմի հետևանքների վերացման։ Նախարարը նաև բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի օրենսդիր և գործադիր իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ։

Տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ