News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը իշխանական պատգամավորների վարքագիծը քննելու նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծ է մշակում։ Նախագիծը, ամենայն հավականությամբ, շրջանառության մեջ կդրվի մի քանի օրից։

NEWS.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ հանձնաժողովը ստեղծելու հիմնական պատճառը լրագրողների հասցեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հնչեցրած վիրավորական արտահայտությունն է։ Իշխանական մյուս պատգամավորների աղմուկ հանած վարքագիծը եւս կքննվի հանձնաժողովում։

«Սրա անհրաժեշտությունը վաղուց կար, եւ վերջին հայտարարություններն էլ ավելի նպաստեցին, որ արագացնենք գործընթացը։ Անհրաժեշտություն կա, որ Ազգային ժողովում լինի մարմին, որը, թեկուզ, գոյություն ունենալով ժամանակավոր, կզբաղվի պատգամավորների էթիկայի, վարքուկանոնի պահպանմամբ եւ կլինի զսպող միջոց։ Թեպետ մարմինը պատժիչ մեխանիզմ չունի, բայց էթիկայի հանձնաժողովի գոյությունը կօգնի, որ պատգամավորները առավել զգաստ եւ իրենց բառամթերքում ուշադիր լինեն։ Պատգամավորները կհասկանան, որ չի կարելի հայհոյել խորհրդարանի նիստերի դահլիճում»,- նշեց Թովմասյանը։

Թագուհի Թովմասյանն անթույլատրելի է համարում լրագրողների հասցեին Վահագն Ալեքսանյանի արած արտահայտությունը։ Հիշեցնենք, որ պատգամավորը վարչապետի ու նրա ընտանիքի վերաբերյալ անվանարկող հրապարակումներ անող լրագրողներին անվանել էր «վերբալ մարմնավաճառներ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում, ըստ էության, արդարացրել էր Ալեքսանյանի պահվածքը՝ նշելով, որ նրա արած արտահայտությունն անհիմն չէ։

«Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձեց սրբագրել, արդարացնել իր խմբակցության պատգամավորի հնչեցրած արտահայտությունը, պետք է արձանագրենք, որ իշխանությունն այս վերաբերմունքը լրագրողների նկատմամբ որդեգրել է առաջին օրվանից։ Լրագրողներին վիրավորելով՝ իշխանական թիմը փորձում է հասարակության մեջ նրանց նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորել»,- նշեց Թովմասյանը։ 

«Հայաստան» խմբակցությունը ողջունում է մյուս ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությունը, սակայն դրան միանելու վերաբերյալ քննարկում դեռ չեն ունեցել,   մեզ հետ զրույցում հայտնեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Թեման պաշտոնապես քննարկման նյութ դեռ չի դարձել, որովհետեւ մեր շատ պատգամավորներ այժմ այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ, բայց սա այն հարցն է, իհարկե, որ քննության նյութ կդառնա, որովհետեւ խոսքը ոչ միայն մեկ անհատ լրագրողին հասցված վիրավորանքի մասին, այլ մի ամբողջ չորրորդ իշխանության»,- ասաց Մանուկյանը»։

Տպել
Ամենաշատ