News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարվա հունվարի 1-ից բացի խաղողի գինուց, այլ մրգերից պատրաստված գինիներն այլևս որպես գինի չեն կարող մտնել ռուսական շուկա։ «Գինի» բառը պիտակի վրա թույլատրված է օգտագործել միայն այն ըմպելիքների համար, որոնք ստացվել են խաղողի խմորման արդյունքում։ Հետեւաբար, հայկական մրգային գինիները Ռուսաստանի խանութներում կցուցադրվեն ոչ թե գինիների, այլ պարզապես ալկոհոլային ըմպելիքների համար նախատեսված դարակաշարերում։

Հայաստանի Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ այս փոփոխության հետեւանքով Հայաստանի գինու արտադրությունը էապես կտուժի, քանի որ հայկական մրգային գինիների մոտ ութսուն տոկոսն արտահանվում է Ռուսաստան։

«Մեր ամբողջ արտադրանքի մեջ հիսուն տոկոսը մրգային գինիներն են, որոնք համարյա ամբողջությամբ գնում են դեպի Ռուսաստան։ Եթե այն կոչվի նռան գինի, թանկ կլինի, եթե, օրինակ, նռան ալկոհոլային ըմպելիք, էժան կլինի։ Այսինքն՝ անվանումից շատ բան է կախված։ Մենք տարեկան մոտավորապես չորս միլիոն մրգային շիշ ենք արտահանում, որոնց միջին գինը երեքից չորս դոլար է, ինչը մոտ երկու դոլարով կիջնի»,- հավելեց Արամ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ մինչեւ այս փոփոխությունը գինու արտահանումը կարգավորվում էր ԵԱՏՄ օրենսդրությամբ, եւ հայկական մրգային գինիները՝ նռան, ծիրանի, մոշի, մորու, ելակի, հաղարջի, սերկևիլի, բելառուսականի հետ միասին մեծ տեսակարար կշիռ ունեին ռուսական շուկայում։ Սակայն Ռուսաստանում որոշեցին այս ոլորտը կարգավորել դաշնային օրենքներով, որում այս ընթացքում համապատասխան փոփոխություններ են իրականացրել։

Արամ Հարությունյանի խոսքով՝ կոնկրետ վնասների մասին հիմա խոսելը վաղ է, առաջին վնասները կարող ենք արձանագրել կես տարուց։

«Վնասներից խուսափելու համար մենք ամեն մի գինու տեսակի պետք է անուն դնենք և աշխատենք այդ գինու վարկանիշի ուղղությամբ։ Պետք է մշակվի նռան գինու համար հայկական ազգային ապրանքանիշ»,- ընդգծեց Ավագ Հարությունյանը։

Տպել
Ամենաշատ