News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանում «Իվերիա» վրացական բարեգործական համայնքի հիմնադիր եւ պատվավոր նախագահ Թինաթին Ասաթիանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԳԱԱ մամուլի ծառայությունից։

Թինա Լեւանի Ասաթիանին ծնվել է 1918 թվականի մարտի 12-ին Թբիլիսիում պրոֆեսոր Ասաթիանիի ընտանիքում: Ավարտել էր Թբիլիսիի պետական համալսարանը,  ֆիզկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ակադեմիկոս (1996, թղթակից-անդամ 1991):

Նա Հայաստան է եկել 1943 թվականին ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի հրավերով՝ մասնակցելու Արագածի կայանում տիեզերական ճառագայթների հետազոտմանը:

Կայծային խցիկների մեթոդիկայի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար 1970 թվականին Թինա Ասաթիանին եւ Արտյոմ Ալիխանյանը գիտնականների խմբի հետ միասին պարգեւատրվել են Լենինյան մրցանակով:

Թինա Ասաթիանին համահեղինակ է ֆիզիկայում բարձր էներգիաների մասնիկների փորձարարության մեթոդիկայի եւ ֆիզիկայի բնագավառում տիեզերական ճառագայթների ավելի քան 150 աշխատանքների, որոնք հրապարակվել են հայրենական եւ արտասահմանյան ամսագրերում:

Թինա Ասաթիանին մեծ ներդրում է ունեցել նաեւ գիտական կադրերի պատրաստման գործում: 1980 թվականին Թինա Ասաթիանին ստացել է Հայաստանի ԽՍՀ-ի գիտության վաստակավոր գործչի կոչում, 1994 թվականից Ջորջ Սորոսի հիմնադրամի պատվավոր պրոֆեսոր է:

Թինա Ասաթիանին Թբիլիսիի պատվավոր քաղաքացի է, Վրաստանի «Պատվո շքանշանի» ասպետ:

Նա գրել եւ կյանքի է կոչել «Համակարգչային եւ տեղեկատվական տեխնիկայի ուսուցում սայլակավոր հաշմանդամների համար» ծրագիրը: Նրա ծրագրով Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կազմակերպել է ֆիզիկական դաստիարակության կենտրոն սայլակավոր հաշմանդամների համար:

Թինա Ասաթիանին Ռոջեր Շտրաուխի ընտանիքի աջակցությամբ կազմակերպել է համակարգչային դասընթացներ «Փարոս» կազմակերպության համար, որը համախմբում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց:

Լենինյան մրցանակի դափնեկիր է, պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով եւ մեդալներով:

Թինա Ասաթիանիի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 19:00-ին նրա տանը՝ Բաղրամյան փ. 18 հասցեում:

Հուլիսի 21-ին 12:00-14:00 ակադեմիկոսի հետ հրաժեշտը կկայանա Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ