Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն, ամենայն հավանականությամբ, հայտ է ներկայացնելու «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի» (Պոլիտեխնիկ) ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվելիք մրցույթին մասնակցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ փոխնախարար Արա Ավետիսյանը:
«Ամենայն հավանականությամբ, թեկնածուներից մեկն էլ ես կարող եմ լինել»,- ասաց նա: Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ փոխնախարար ցանկանում է ռեկտոր դառնալ, նա այսպես բացատրեց. «Մի քիչ երկար եմ աշխատում նախարարությունում, 15 տարին երեւի շատ է էլի նույն տեղում աշխատելու համար: Անընդհատ նույն աշխատանքով զբաղվելը ստեղծագործական առումով լավ չէ: Ռեկտորի աշխատանքը ավելի գործնական է»
Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար դիմումները կարող են ներկայացնել հուլիսի 25-օգոստոսի 25-ը, իսկ սեպտեմբերի 3-ին կկայանա ռեկտորի ընտրությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով`ՀՊՃՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի աշխատանքային պայմանագիրը չեղյալ է համարվել: Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել հենց ինքը` Ո. Մարուխյանը:




























