Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններում ընտրացուցակ են առաջադրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ Ընտրությունների անցկացման օր է նշանակել 2022 թվականի մարտի 27-ը։

Վեդիում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։

«Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝ 7 690 մարդ. «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3 299 ընտրող։ Դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ էին հայտնել եւ հրաժարվել մանդատներից, որից հետո էլ նոր ընտրություններ անցկացնելու մասին էր հայտարարվել։

NEWS.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Հակոբյանը, որն առավել հայտնի է «Գոջի» մականունով, ասաց՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն չունի։

«Հարցեր կան, որոնց մասին չեմ ուզում խոսել, երբ կարիքը լինի, անպայման կբարձրաձայնեմ։ Կարող է ընտրության էլ չգնամ»,- ասաց նա։

Գագիկ Հակոբյանի խոսքով՝ ինքը եւ՛«Քաղաքացիական պայմանագրի», եւ՛«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածուների հետ լավ հարաբերություններ ունի. «Հայ ենք, բոլորի հետ պետք է լավ լինենք»։

Ընտրություններից հետո մամուլում լուրեր էին շրջանառվում, որ կուսակցությունների միջեւ հարաբերությունները լարվել են։ Մասնավորապես, ՔՊ-ն «Հանրապետության» հետ կոալիցիա կազմելու մտադրություն ուներ, անգամ Գագիկ Հակոբյանին համայնքի ղեկավարի պաշտոնը զիջելու մասին էր խոսվում, սակայն Հակոբյանը մերժել էր ՔՊ-ի առաջարկը։ Այդ վիճաբանությունն ավարտվել էր ծեծկռտուքով։

Մեզ հետ զրույցում Գագիկ Հակոբյանը հերքեց այդ լուրերը եւ պնդեց, որ իրենց միջեւ ծեծկռտուք տեղի չի ունեցել։

«Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը, որի ընտրացուցակը ղեկավարում է Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը կողմ չէր նոր ընտրությունների անցկացմանը. «Եթե չգնային ընտրությունների, ավելի լավ, ուղղակի մեր կամքից անկախ է եղել։ Ես մեր շանսերը շատ բարձր եմ գնահատում։ Ամեն դեպքում սա պայքար է, ժողովուրդը մարտի 27-ին կորոշի»։