Ժամեր առաջ Հանրապետության հրապարակից Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված ՀՅԴ անդամ երիտասարդների մեծ մասն արդեն դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բերման ենթարկված աղջիկներից մեկի ձեռքը վնասված է եղել՝ շտապօգնության բժիշկները նրան ոստիկանական բաժանմունքից հիվանդանոց են տեղափոխել, որտեղ պարզվել է, որ նրա ձեռքը կոտրվել է՝ կա՛մ բերման ենթարկելու պահին, կա՛մ ոստիկանական բաժանմունքում։

Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ բերման ենթարկված երիտասարդների նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել․ բոլորը հրաժարավել են ցուցմունք տալուց՝ օգտվելով իրենց լռելու իրավունքից։

«Ըստ ոստիկանների տված զեկուցագրի եւ քննիչի որոշման՝ բերման ենթարկվածները ոստիկանական բաժանմունքում ոչ միայն պաշտոնյաներին «թուրք» են անվանել, այլ նաեւ, իբր թե, 5 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել։ Ինչու չեմ հավատում դրան, որովհետեւ այնտեղ 18-20 տարեկան աղջիկներ կային, եւ անհավանական եմ համարում, որ նման բան եղած լինի։ Սա, իմ կարծիքով, բռնություն եւ ճնշում գործադրելու, մարդկանց լռեցնելու հերթական փորձն է»,- նկատեց փաստաբանը։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը, որին ոստիկանները եւս բերման էին ենթարկել, եւս դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից։ Նա հանցագործության մասին հաղորդում է տվել առ այն, որ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ իրենց ապօրինի կերպով բերման են ենթարկել՝ չնայած այն հանգամանքին, որ լրագրողական տարբերանշանն իր վրա փակցված է եղել։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցի կապակցությամբ․ նրանք Երեւան են ժամանել եւ մասնակցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովի՝ այսօր Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած նիստերին։ Ոստիկանությունը ավելի քան երիտասարդի ուժով բերման էին ենթարկել։