News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2022թ. մարտի 1-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ստորագրեցին «Լոռու մարզի հասարակական տրանսպորտի համար ավտոբուսի տրամադրման» դրամաշնորհային ծրագրի համաձայնագիր։ Համաձայնագրով Ճապոնիայի դեսպանատունը տրամադրում է ավելի քան 90.000 ԱՄՆ դոլար Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման նպատակով, որը ենթադրում է նոր, հաշմանդություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսի գնում, տրանսպորտային ցանցի ընդլայնում եւ ենթակառուցվածքների բարեկարգում։

Համաձայնագրի ստորագրման արարողությունը մեկնարկեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի բացման ու ողջույնի խոսքերով։

Հասարակական տրանսպորտը Լոռու մարզում՝ մասնավորապես Դսեղից դեպի Վանաձոր,  խիստ թերզարգացած է. գործում է ընդամենը մեկ հնամաշ ավտոբուս, որը օրական միայն մեկ անգամ Դսեղից դեպի մարզկենտրոն Վանաձոր է ուղեւորվում՝ առանց ճանապարհին գտնվող այլ գյուղական բնակավայրեր մտնելու։ Վարորդի նախաձեռնությամբ փոփոխված ավտոբուսի եւ այս դրամաշնորհային ծրագրով ձեռքբերվող եւս մեկ արդի ավտոբուսի ներդրմամբ հասարակական տրանսպորտի վիճակը զգալիորեն կբարելավվի՝ բնակիչներին առաջարկելով պահանջված ու արդյունավետ երթուղի, որ կոնկրետ ժամային ինտերվալներով իրար կկապի Դսեղ-Վանաձոր երթուղու վրա գտնվող 7 գյուղական բնակավայրեր՝ ներառելով կանգառներ Դեբետում, որտեղ գտնվում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, եւ Դսեղում կառուցվող ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի մոտ։

Հասարակական տրանսպորտի համակարգի բարելավման արդյունքն ավելին է, քան միայն մարդկանց տեղաշարժման հնարավորությունների ընդլայնումը. նոր ավտոբուսը հասարակական տրանսպորտը մատչելի կդարձնի հաշմանդամություն ունեցող անձանց համար, գյուղերի բնակիչներին նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն կտա, ինչպես նաեւ կկրճատի անձնական մեքենաների կիրառման քանակը, ինչն էլ իր հերթին երթեւեկությունը կդարձնի ավելի ապահով, մատչելի՝ նվազեցնելով նաեւ շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Եվ, իհարկե, ինչպես եւ ՔՈԱՖ-ի մնացած նախաձեռնությունները, այս ծրագիրը եւս իրականացվում է՝ հաշվի առնելով համայնքի կարիքներն ու շահերը, սերտ համագործակցելով Փամբակ խոշորացված համայնքի, ինչպես նաեւ համապատասխան համայնքային ոչ առեւտրային կազմակերպության՝ ՀՈԱԿ-ի հետ։

Զարգացած տրանսպորտային համակարգը ենթադրում է նաեւ զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ ներառելով կանգառները, չվացուցակի մասին տեղեկատվությունը։ 2021թ. ՔՈԱՖ-ն այս ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկել էր առաջին ՍՄԱՐԹ գյուղում՝ Դեբետում, ավտոբուսի ժամանակակից կանգառի կառուցմամբ։

Կանգառները կվերանորոգվեն նաեւ երթուղու մնացած գյուղական բնակավայրերում։

Տպել
Ամենաշատ