News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված հարյուրավոր ռուսական ընկերություններ արդեն դիմել են Հայաստան տեղափոխվելու համար։ Դրանցից մոտ մեկ տասնյակն արդեն Հայաստանում է, եւս մի քանի ընկերություններ ճանապարհին են։ Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արտասահմանյան ընկերությունների՝ Հայաստան տեղափոխվելու մտադրությունները կապված են սահմանափակումների հետ։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ ծավալի սահմանափակումներ կլինեն, որքան դրանք կտեւեն, եւ հնարավո՞ր են արդյոք առաջիկայում սրա հետ կապված վերանայումները։ Հայաստանը պետք է աշխատի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, որպեսզի օտարերկրյա ընկերությունների որոշումները կապված լինեն ոչ թե արտաքին գործոնների, այլ օբյեկտիվ իրականության հետ, քանի որ գործարարը միշտ գնահատում է ռիսկերը՝ շահույթ ստանալու նպատակով։ Բանաձեւը պարզ է՝ ռիսկերը պետք է կառավարելի լինեն, իսկ ակնկալվող շահույթն ավելի բարձր, քան եղել է նախկինում։

«Այսպիսի լուծման ոչ թե իշխանությունների որոշումներն են բերել, այլ աշխարհաքաղաքական իրողությունները։ Բայց ներդրումների օբյեկտիվ աճի հասնելու համար անհրաժեշտ է նվազեցնել բիզնեսի համար ռիսկերը՝ սկսած քաղաքական ռիսկերից եւ պետական կառավարման ոլորտում ռիսկերից՝ վերջացրած աշխարհաքաղաքական մարտահրավերներով»,- հավելեց պատգամավորը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ այլ երկրներից գործող բիզնեսները Հայաստան տեղափոխելու եւ նոր բիզնես ստեղծելու համար։ Ձեռներեցներին աջակցություն ցուցաբերելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե՝ mailto:[email protected], որին կարելի է հարցեր ուղարկել:

Նամակը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները` ընկերության անվանումը եւ գործունեության ոլորտը, աշխատակիցների թիվը, բիզնեսի տեղափոխման մոտավոր ժամկետները, բիզնեսի տեղափոխման հետ կապված հիմնական խնդիրները, պատասխանատու անձը, որի հետ մասնագետները կկարողանան օպերատիվ կապ հաստատել։

«Ընկերությունների գրանցումը պարզեցվել է։ Մեր խնդիրն այն է, որ բիզնեսն իրեն հարմարավետ զգա: Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ ուկրաինական ընկերությունները։ Ընկերությունների մեծ մասն աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ համագործակցում է արեւմտյան շուկաների հետ»,- ընդգծեց Վահան Քերոբյանը։

Գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացները կարճաժամկետ հեռանկարում կարող են դրական ֆոն ստեղծել, սակայն ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ պետք է նաեւ կարողանալ պահել այդ բիզնեսը, աշխատել բիզնես-միջավայրի բարելավման ուղղությամբ, որը չի սահմանափակվում միայն արտոնություններով։ «Կարեւոր են բոլոր ուղղությունները, կարեւոր է կայունությունը։ Այս ամենը կարող է դրական արդյունքներ ապահովել ներդրումային ու տնտեսական ակտիվության առումով։ Եվ հակառակը, եթե այս խնդիրները չլուծվեն, երկիրը կբախվի կապիտալի արտահոսքի եւ տնտեսական խնդիրների խորացման։ Այն ընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել Հայաստան, ցանկանում են նվազեցնել ռիսկերն ու կորուստները, զբաղվել կայուն գործունեության համար հնարավորություններ փնտրելով։ Նրանց հետագա գործունեությունը կախված է ընդհանուր միջավայրից եւ տնտեսական զարգացումից։ Այս առումով կանխատեսումները դրական չեն եւ կապված են իշխանությունների վարած քաղաքականության հետ։ Հակառակ դեպքում հնարավոր կլիներ օգտվել ստեղծված հնարավորություններից։

Ինչ վերաբերում է այս ոլորտում «Հայաստան» դաշինքի նախաձեռնություններին, մենք սոցիալ-տնտեսական ոլորտում ոչ պակաս կարեւոր առաջարկներով ենք հանդես եկել, սակայն քաղաքական մեծամասնությունը հաճախ տապալում է քննարկումները եւ այդ որոշումների ընդունումը։

Հայաստանը տեսականորեն կարող է տարանցիկ երկիր դառնալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ հաշվի առնելով փոխադարձ հիմունքներով կիրառվող պատժամիջոցները։ Սակայն անորոշությունը մնում է բարձր մակարդակի վրա։ Շատ բան դեռ պարզ չէ՝ հայտնի չէ, թե որքան կտեւի այս ճգնաժամը, ինչ խորություն կունենա, ինչպիսին կլինի պատժամիջոցների բնույթը ապագայում։

Չափից դուրս խանդավառություն ցուցաբերելն այնքան էլ ճիշտ չէ, բայց չափից ավելի զգուշությունն էլ տեղին չէ։ Անհրաժեշտ է ուշադիր վերլուծել, գնահատել ինչպես հավանական օգուտները, այնպես էլ հնարավոր բացասական հետեւանքները, որոնք կարող են կապված լինել ռիսկի հետ: Պետության դերը նման դեպքերում ավելի է մեծանում»,- եզրափակեց Թադեւոս Ավետիսյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Բայդենը ապրիլի 24-ին կստորագրի Ուկրաինային օգնելու օրինագծերի փաթեթը
Ես կստորագրեմ այս օրինագիծը և կդիմեմ ամերիկացի ժողովրդին․․․
SHOT․ Սմոլենսկի մարզում անօդաչուն հարվածել է նավթի պահեստին
Սմոլենսկի նահանգապետ Վասիլի Անոխինը Telegram-ում հայտնել է, որ․․․
Լիտվան Ուկրաինային M577 զրահափոխադրիչներ է փոխանցել
Ուկրաինային Լիտվայի երկարաժամկետ օգնությունը հասել է մեկ միլիարդ եվրոյի, իսկ ռազմական օգնությունը մոտ 610 միլիոն եվրո է...
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Օդեսայում անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից
Ամենաշատ