News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարությունում տարածել, որում անդրադառնում է Արցախ գազի մատակարարման խնդրին։ Ինչպես NEWS.am–ին տեղեկացնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից, հայտարարությունում ասվում է․

«Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։

Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։

Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։

Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է»։

Ավելի վաղ Արցախի տարածքային կառվարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն։

«Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,– ասվում էր հաղորդագրությունում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Արցախգազ» ԲՓԸ-ի փոխանցմամբ, մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Նշվել էր, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է  մայրուղային բարձր ճնշման գազատարը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ