News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ավելի շատ սպասելի էր, որ միջնորդությունը կմերժվի, քան կբավարարվի, ամեն դեպքում չունեինք կոնկրետ վստահություն լուծման հետ կապված: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին՝ անդրադառնալով ԲԴԽ որոշմանը, որով մերժվեց Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը:

«Նաեւ իրավիճակային առումով, անդուր իրավիճակ էր, որովհետեւ մինչ այդ որոշում հրապարակվեց, որով դատավորի լիազորությունները դադարեցվեցին, իմ մասով մերժվեց: Իմ մասով, ես անշնորհակալ կլինեմ, եթե իմ դրական վերաբերմունքը չարտահայտեմ ԲԴԽ այն անդամների մասով, որոնք դեմ են եղել միջնորդության բավարարմանը»,-ասաց նա:

Նա չցանկացավ գնահատականներ տալ ԲԴԽ-ում եւ արդարադատության նախարարությունում ներքին հարաբերություններին. «Ոչ նախարարի, ոչ Գագիկ Ջհանգիրյանի մոտեցումներին խորությամբ ծանոթ չեմ, թե իրենք այս կարգապահական վարույթներով ինչ նպատակ են հետապնդում: ԲԴԽ անդամներից Ջհանգիրյանը կողմ է եղել միջնորդությանը»:

Հարցին, թե այս որոշումը իր գործունեության հետ կապված ինչ-որ բան փոխելո՞ւ է, Ռշտունին պատասխանեց. «Անկախ ելքից ես աշխատելու էի նույն կերպով, ինչ աշխատել են այս 10 տարիներին: Երեւի ոչինչ չի փոխվելու: Ինձ համար այսօր շատ զարմանալի է, որ  մենք շատ վարույթների ենք ականատես լնիելու եւ կարծես թե ԲԴԽ-ն վերջին ժամանակահատվածում հանդես է գալիս հիմնականում որպես դատարան: Մենք  տեսնում ենք, որ մեր կոլեգաների հարցերը քննության առարկա են դառնում ԲԴԽ-ում: Տպավորություն է, որ մյուս դատավարություններին զուգահեռ նաեւ դատավորների նկատմամբ դատավարություններ են ընթանում, որտեղ դատավորները պետք է արդարանան, հակափաստարկներ ներկայացնեն իրենց կայացրած որոշումների վերաբերյալ, այնինչ մի շարք միջազգային փաստաթղթերում, միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված զեկույցներում խոսվում է բացառիկության մասին, այսինքն դատավորը որպես մեղադրյալ պետք է հայտնվի բացառիկ դեպքերում, սակայն վերջին ժամանակներում դա դարձել է սովորական երեւույթ»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։

Որոշումն ընթերցեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհագիրյանը՝ նշելով, որ այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Այն ստորագրել են ԲԴԽ անդամներ Բեկմեզյանը, Մակյանը, Մխիթարյանը, Չիչոյանը, Դավիթ Խաչատուրյանն ու Վիգեն Քոչարյանն ունի հատուկ կարծիք որոշման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում էր դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել էր սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։

Տպել
Ամենաշատ