Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը պայմանավորված է Արցախի, հայերի եւ ռուսների նկատմամբ ատելությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նա պարզաբանեց, որ ատելությունը, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, Ադրբեջանում դրսեւորվում է պետական մակարդակով։
«Ո՞վ է Բաքվում բազմահազարանոց ցույց կազմակերպել Ռուսաստանի դեմ։ Երբ Ադրբեջանում ինչ-որ մեկն ուզում է բողոք հայտնել, անմիջապես ձերբակալվում է։ Մենք տեղեկություններ ունենք, որ այս հանրահավաքին պետական ապարատից մարդիկ են բերվել։ Բացի այդ, Բաքուն «Բայրաքթարներ» է ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար։ Արցախում գազի հետ կապված իրավիճակը հարված է նաեւ Ռուսաստանին: Նրանք աղոթում են, որպեսզի Ռուսաստանը քանդվի։ Դա Ադրբեջանին եւ Թուրքիային թույլ կտա իրականացնել իրենց էքսպանսիոնիստական ծրագրերը։
Եթե Ռուսաստանը շարունակի հզոր երկիր մնալ, ինչում մենք հետաքրքրված ենք, ապա ամեն ինչ լավ կլինի։ Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ մյուս երկրների հետ։ Դա Ռուսաստանի դեմ ուղղված չէ»,- հավելեց նա։