News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանում հուլիս 21-23-ին կազմակերպված ժողովրդական երգի մշակութային փառատոնի ժամանակ, որին Հայաստանից հրավիրված էր «Ակունք» անսամբլը, բախումներ են տեղի ունեցել թուրքերի եւ քրդերի միջեւ, որի հետեւանքով եզրափակիչ համերգը չի կայացել: Այս մասին  այսօր` հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ակունքի» մեկնումը կազմակերպած, փառատոնին հայերի մասնակցությանն աջակցած ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:

«Հրավերն ստանալուց հետո անմիջապես արձագանքեցինք եւ գնացինք մասնակցելու փառատոնին ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ կարգավիճակով, որպեսզի մեր մշակույթը, որը ժամանակավոր բացակայել էր այդ միջավայրում, նորից հնչեցնեինք»,- ասաց Արագած Ախոյանը: Նա ուրախությամբ մեջբերեց Վանի քաղաքապետի խոսքը, ով իր հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Դուք այս երկրի տերն եք, ձեր հողն ու ջուրը մենք սրբորեն կպահենք»:

Հատկանշական է, որ «Ակունք» համույթին ելույթ ունենալու համար 40 րոպե էին տրամադրել, այն դեպքում, երբ այլ մասնակիցներին հատկացրել ին ընդամենը 10 րոպե: Անսամբլը «դատարկ ձեռքերով» չէր գնացել, տարել էին «բնիկների երգն ու պարը, նրանց կարոտը»:

Փառատոնը բաղկացած էր երեք մասից` շքերթ, միջոցառում Աղթամար կղզում եւ փակման արարաղություն` համերգի տեսքով, որտեղ պետք է ելույթ ունենար նաեւ «Ակունքը», սակայն թուրք-քրդական բախումների պատճառով այն չի կայացել եւ ոչ մի մասնակից ելույթ չի ունեցել, քանի որ համերգի կազմակերպիչները ձերբակալվել էին, իսկ վահաններով զինվորները շրջապատել էին փողոցները:

«Ակունք» անսամբլի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը նշեց, որ իրենց շատ լավ են ընդունել, նաեւ ուխտագնացություն են կազմակերպել, եղել են Վանում, Անիում, Աղթամարում, Վարագավանքում եւ այլն:  Բանախոսները նշեցին, որ հետագայում եւս պատրաստակամ են մեկնել այնտեղ եւ համատեղ ծրագրեր իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ