Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում մարտի 24-ին՝ ժամը 23.30-ի դրությամբ, իրադրությունը հանգիստ է, այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
«Նորմալ է ամեն ինչ, ամեն ինչ հանգիստ է, առանց կրակոց, առանց հրետակոծության, ամեն ինչ մեր վերահսկողության տակ է»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը և շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ «Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»:
Ասկերանի Խրամորթ և Փառուխ գյուղերում ստեղծված իրադրության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ–ն՝ միջազգային հանրությանը կոչ անելով հստակ գնահատական տալ խաղաղության գործընթացը ձախողող Ադրբեջանի սադրանքներին։ Հայտարարությունում նաև ասվում է, որ ՀՀ ԱԳՆ ակնկալում է, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
Ասկերանում ստեղծված իրադրությանն անդրադարձել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ Ադրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որը շարունակում է համառորեն լռել։
«Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120.000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել»,– ասվում է Գեղամ Ստեփանյանի հայտարարությունում։
Իր հերթին Ասկերանի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ Ադրբեջանի զինուժի ներխուժումը այդ երկրի հանցավոր պետական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։
«Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները»,– ասվում է ՀՀ ՄԻՊ հայտարարությունում։





























