News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց. նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականություններն այսօրվանից կատարում է Դիանա Մինասյանի, ով տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։

Բանն այն է, որ դեկտեմբերին լրացել է դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի պշտոնավարման 5 տարի ժամկետը: Օրենսդրության համաձայն հոկտեմբերին տեղի է ունեցել մրցույթ, որի ժամանակ տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Գայանե Սարուխանյանը, դպրոցի ուսմասվար Տաթեւիկ Մելքոնյանը եւ Դիանա Մինասյանը, որը դպրոցում չի աշխատում, այլ դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ըստ տարածված լուրերի Դիանա Միասյանի ամուսինը  նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերն է: 

Երեք անգամ մրցույթ է տեղի ունեցել, սակայն այդպես էլ հաղթող չի ճանաչվել: Քաղաքապետարանն իր ձայները տվել է Դիանա Մինասյանին, ուսուցչական անձնակազմը եւ ծնողական կոմիտեն իրենց ձայները տվել են Գայանե Սարուխանյանին, իսկ Տաթեւիկ Մելքոնյանի օգտին քվեարկել է միայն ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները:

Քանի որ դեկտեմբերին լրացել էր Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման ժամկետը, նրա լիազորությունները դադարել են եւ քաղաքապետարանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսմասված Տաթեւիկ Մելքոնյանը:

Դեկտեմբերից մինչ օրս նա պաշտոնավարել է որպես տնօրենի ԺՊ, սակայն այսօր նամակ է ստացել քաղաքապետարանից, որ որեւէ բան չստորագրի որպես ԺՊ, որովհետեւ այլ մարդ է նշանակում ժամանակավոր պաշտոնակատար:

Սա անակնկալ է եղել ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտների համար, ինչն էլ առաջացրել է նրանց վրդովմունքը:

Ակցիայի ժամանակ աշակերտական խորհրդի անդամներից մեկն ասաց, որ իրենք ընտրել են տիկին Տաթևիկ Մելքոնյանին, քանի որ այս դպրոցում է աշխատում 2004 թվականից, իրենց հարազատ ուսուցչուհիներից է. «Մենք ոչ թե համաձայն չենք քաղաքապետարանի  կողմից արված նշանակման հետ, այլ եթե մենք ունենք հարազատ մարդ, ում սիրում ենք, բոլորն ընդունում են, ինչո՞ւ ուրիշը լինի։ Մինչև վերջ կանգնելու ենք տիկին Մելքոնյանի կողքին»,- նշեց նա՝ հավելելով, որ նորանշանակ ԺՊ-ն ընդհանրապես դպրոցում չի աշխատել, նա եղել է դասախոս, ու պատկերացում չունի իրենց  դպրոցի մասին։

Դպրոցի ուսուցիչներից Նարինե Աբրահամյանն էլ ասաց. «Բերել են այնպիսի մի մարդու, որն ընդհանրապես դպրոցի հետ կապ չունի, հանրակրթությունից տեղյակ չէ։ Եթե չեմ սխավում, որպես ուսուցիչ  չի աշխատել, ուզում են աշակերտների համար այսպիսի կարևոր պահին, երբ երկու ամիս է մնացել, որպեսզի  տարին փակենք, խաթարում են մեր անդորրը  և, չեմ հասկանում ինչի, փոխում են մեր տնօրենին։

Նշանակել են մի մարդու, ով ամբողջ կոլեկտիվի կողմից ոչ մի ձայն չի հավաքել։ Ինչո՞ւ ենք մենք արդեն երրորդ անգամ մասնակցում  տնօրենի ընտրություններին, ձայն տալիս, եթե միևնույն է՝ մեր ձայնը հաշվի չի առնվելու և մեզ տնօրեն  են բերելու մեկին, որը զրո ձայն է հավաքել և ուսուցչական խորհրդի, և  ծնողական համայնքի  կողմից։ Կարծում եմ՝ մենք արժանի ենք դրա բացատրությունը ստանանք։ Իմ տվյալներով, անգամ մանկավարժ էլ չի, եթե  խորանանք, փորփրենք փաստաթղթերը,  վախենամ, ընդհանրապես, իրավունք էլ չի ունենա դպրոց ոտք դնելու»:

Նա ընդգծեց, որ որոշակի հավաստի տվյալներով, Դիանա  Մինասյանի ամուսինը Տիգրան Ավինյանի դասընկերն է և արդեն տրամաբանական կապը  պարզ երևում է, թե ինչի համար է  գալիս մեզ մոտ ժամանակավոր պաշտոնակատար։

Արդեն քաղաքապետարանի դիմաց ակցիայի մասնակիցներին հանդիպել է քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, սակայն նա այդպես էլ չասաց, թե ինչ հիմնավորմամբ է դադարեցվել Տաթեւիկ Մելքոնյանի պարտականությունները, փոխարենը նկատողություն արեց, ուսուցիչներին, որ երեխաներին բերել են քաղաքապետարան:

Որոշվեց ուսուցչական անձնակազմից եւ ծնողներից մի քանիսի հետ հանդիպում ունենալ քաղաքապետարանի կրթության վարչությունում: Այս պահին հանդիպումն ընթանում եմ:

Նշենք, որ տնօրենի նոր ընտրությունը կայանալու է ապրիլի 14-ին, որին առաջադրվել է 4 թեկնածու՝ Տաթեւիկ Մելքոնյանը, Դիանա Մինասյանը եւ եւս երկու ուսուցիչներ այլ դպրոցներից:

Հիշեցնենք, որ ըստ օրենսդրության, դպրոցի տնօրեն ընտրում է խորհուրդը, որը կազմված է 9 անդամից՝ 2 մանկավարժ, 2 ծնող, 4 լիազոր մարմնի ներկայացուցիչ, այսինքն քաղաքապետարանից, 1 հոգի նախարարությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ