News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեր ունեցած տվյալները չեն փաստում, որ արտագաղթի ծավալների կտրուկ աճ կա: Այդ մասին այսօր` հուլիսի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ավելին` նրա տեղեկացմամբ, վերջին 2 տարիների արտագաղթի վերաբերյալ ուսումնասիրություններ չեն կատարվել, ուստի կոնկրետ գնահատականներ հնչեցնել հնարավոր չէ: Սակայն որոշ պատկերացում արտագաղթի վերաբերյալ կարող է տալ հանրապետությունից մեկնածների ու ժամանածների համադրությունը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2011 թ. հունվար-հունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  ավելացել  է 15 հազարով, կամ 28,6 %-ով եւ կազմել է -67,3  հազար մարդ: Հունիսին արձանագրվել է միգրացիայի դրական մնացորդ, որը կազմել է 2 հազար մարդ, նախորդ տարվա հունիսի 3,7 հազարի դիմաց:

Եթե համեմատությունները կատարենք տարեկան կտրվածքով, ապա 2010 թ. բացասական մնացորդը 29.9 հազար է, 2009 թ.` 25 հազար, իսկ 2008 թ.` 23 հազար: Այսպիսով` առկա է մեկնողների ու ժամանածների տարբերություն հօգուտ մեկնողների, սակայն այդ տարբերության աճը, ըստ Եգանյանի, մեծ չէ: Բացի այդ` այդ հոսքերը ներառում են նաեւ զբոսաշրջիկների ու գործնական այցելությունների վերաբերյալ տվյալները, ուստի հիմք չեն արտագաղթողների թիվը հաշվարկելու համար:

Գ. Եգանյանն ասաց նաեւ, որ 2002-2007 թթ. հանրապետությունից արտագաղթել է 150 հազար մարդ, կամ տարեկան 25 հազար մարդ:

Հայաստանը արտագաղթի ամենամեծ շրջանն ունեցել է 1992-1994 թթ., երբ հանրապետությունից ընդմիշտ հեռացել է 600 հազար մարդ, իսկ 1998-2001 թթ. հեռացածների թիվը գնահատվում է 700 հազարից-1.3 մլն մարդու սահմաններում (ըստ ՄԱԿ-ի իրականացրած հետազոտության):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ