News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) օրերս հրապարակել է «Նանա Մուրադյանն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով որոշումը որով դատարանը որոշել է բավարարել Նանա Մուրադյանի բողոքը: Որոշմամբ դատարանն արձանագրում է, որ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը. դիմումատուի զինծառայող որդու կյանքը պետության կողմից չի պաշտպանվել, ինչպես նաև չի իրականացվել դիմումատուի որդու մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Նանա Մուրադյանին վճարել 20.000 եվրո:

Նշենք, որ 2009թ. նոյեմբերին Վ. Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ և զինծառայության անցել Արցախում: Ծառայությունից ամիսներ անց՝ 2010թ. մարտի 15-ին, ժամը 12:35-ի սահմաններում, Վ. Մուրադյանի դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։

Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ և որպես ինքնասպանության պաշտոնական պատճառ նշվել է Վալերի Մուրադյանի 3000 դրամ պարտքը:

Վալերիի մայրը՝ Նանա Մուրադյանը, հարուցված քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Հարցաքննվելիս Ն. Մուրադյանը նշել է, որ դեպքից մի քանի օր առաջ որդին իրեն պատմել է, որ զորամասում ականատես է եղել վառելիքի գողության։ Նա չի հավատում, որ իր որդին կարող էր ինքնասպան լինել: Փաստել է, որ որդուն սպանել են այն զինծառայողները, որոնց տեսել է վառելիք գողանալիս։

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ զինծառայողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են նաև մի շարք վնասվածքներ՝ ձախ ձեռքի հատվածում կապտուկ, աջ դաստակի քերծվածք, որոնք հասցվել են դեռ կենդանության ժամանակ՝ մահից մոտ 2-4 օր առաջ:

Այդ վնասվածքների մասով նախաքննական մարմինը եզրակացրել է, որ դեպքին նախորդող օրերին Վ. Մուրադյանը մասնակցել է ավտովերանորոգման աշխատանքներին և այդ ժամանակ կարող էին առաջանալ ձախ ձեռքի հատվածի կապտուկը և աջ դաստակի քերծվածքը։

2010թ. մայիսի 31-ին քննիչը նշանակել է դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն՝ մահվանից առաջ Վ. Մուրադյանի հոգեվիճակը պարզելու նպատակով։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ծառայակիցներն ու սպաներն իրենց հայտարարություններում նշել են, որ Վալերին չի բողոքել զինծառայությունից և մահվանը նախորդող ժամանակահատվածում լավ տրամադրություն է ունեցել: Ավելին, նա երջանիկ է եղել, ոչ մի անհանգստություն կամ հուսահատություն չի նկատվել նրա մոտ:

Նանա Մուրադյանը, դժգոհ լինելով նախաքննության արդյունքներից, տարբեր բողոքներ է ուղարկել իշխանություններին՝ պնդելով, որ չեն հաստատվել իր որդու մահվան իրական հանգամանքները:

Դատախազի ցուցումով կատարվել են լրացուցիչ քննչական գործողություններ: 2011թ. ապրիլի 30-ին զինծառայող Ա.Գ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական կարգապահության կանոնները խախտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2010թ. փետրվարի սկզբին Ա.Գ.-ն գումարի պատճառով վիճաբանել է Վ. Մուրադյանի հետ և մի շարք զինծառայողների ներկայությամբ դիտավորյալ ապտակել ու հարձակվել է նրա վրա՝ հրապարակայնորեն նվաստացնելով նրան։ 2011թ. հունիսի 29-ի որոշմամբ՝ դադարեցվել է Ա.Գ.-ի հետապնդումը՝ «Համաներման մասին» օրենքի հիման վրա:

2015թ. դեկտեմբերի 7-ին որոշում է կայացվել կասեցնել քրեական գործի վարույթը. ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կհիմնավորեն, որ Վ. Մուրադյանը ենթարկվել է նվաստացման կամ վատ վերաբերմունքի:

2017թ. հուլիսի 7-ին արդեն նախկին երկու զինծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս):

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, 2010թ. մարտի 14-ին Ն.Գ-ն և Ա.Կ-ն. Վալերի Մուրադյանին ճնշելու և նվաստացնելու դիտավորությամբ իրենց սուտ խոստում տալու և խոստացված գումարը ժամանակին չվերադարձնելու նպատակով հետապնդել են նրան:

Այդ ընթացքում Նանա Մուրադյանը ևս դժգոհել է նախաքննական մարմնի գործողություններից: Զինծառայողի մոր բողոքի հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ. հոկտեմբերի 23-ին որոշել է, որ խախտվել է վերջինիս արդյունավետ քննության իրավունքը՝ երկարատև հետաքննության պատճառով: Արձանագրվել է, որ տուժողի իրավահաջորդը հնարավորություն չի ունեցել արդյունավետորեն մասնակցել մի շարք քննչական գործողությունների: Այդ հիմքով որոշել է պարտավորեցնել նախաքննական մարմնին վերսկսել Վ. Մուրադյանի մահվան փաստով քրեական գործի վարույթը և վերացնել նրա իրավունքների խախտումը: Գործի քննությունը վերսկվել է:

Նախկին զինծառայողների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ հայտնի չի եղել նրանց գտնվելու վայրը:

Նանա Մուրադյանը, դիմելով ՄԻԵԴ, առաջ է քաշել Կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ հոդվածների (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Մասնավորապես` այն, որ զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան դեպքով իշխանությունները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել, պետությունը չի պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում:

ՄԻԵԴ-ը որոշել է բողոքը քննարկման առարկա դարձնել միայն կյանքի իրավունքի խախտման մասով:

Կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում պնդել է, որ Վ. Մուրադյանի մահվան հանգամանքների քննությունը դեռ շարունակվում է Հայաստանի իշխանությունների կողմից։

Նանա Մուրադյանը պնդել է, որ իշխանությունները պատասխանատվություն են կրում իր որդու մահվան համար, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա զինվորական ծառայության մեջ է եղել՝ նրանց բացառիկ հսկողության տակ: Նա վիճարկել է ինքնասպանության վարկածը և պնդել, որ իր որդուն սպանել են։

ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, արձանագրել է, որ Վալերի Մուրադյանը զինծառայության ընթացքում գտնվել է պետության վերահսկողության տակ, որը չի պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը:

Կառավարությունը 3 ամսվա ընթացքում Նանա Մուրադյանին պետք է վճարի 20 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ նրա որդու կյանքի իրավունքի խախտման համար:

Նշենք, որ Նանա Մուրադյանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանել են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանն ու Ռոբերտ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ Նանա Մուրադյանը տարիներ շարունակ մասնակցել է սեւազգեստ մայրերի բողոքի ակցիաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ