News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am-ին։ Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը, այս փուլում Եվրամիության միջնորդական ջանքերի ակտիվացմանը, հարցին, թե երբ եւ ինչ պայմաններում Արցախի կարգավիճակի հստակեցման եւ ինքնորշման իրավունքի իրացման հարցերը կարող են նորից բանակցությունների առարկա դառնալ։ Ուորլիքը նաեւ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան չեղյալ են հայտարարել ՄԽ եռանախագահության ձեւաչափը։

Դուք դադարեցրել եք Ձեր գործունեությունը Մինսկի խմբում 6 տարի առաջ։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է փոխվել Մինսկի խումբը իր ունեցած դերի եւ արդյունավետության տեսանկյունից։

Ստեղծվելուց ի վեր ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ համանախագահները չափազանց կարեւոր դեր են խաղացել կողմերի երկխոսությունը կազմակերպելու հարցում։ Այն բացառիկ ձեւաչափ է եղել նաեւ որպես ԵԱՀԿ-ի մաս՝ որպես համանախագահող երկրների համախմբելով Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը։ Նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները տարբեր խնդիրների բերումով լարվել էին, Լեռնային Ղարաբաղի խնդիրն այն հարցերից մեկն էր, որի դեպքում կարողանում էինք համատեղ աշխատել։ Ես շատ լավ հարաբերություններ ունեի իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ եւ հպարտությամբ եմ ասում, որ մենք շատ լավ, գործընկերային եւ համագործակցային միջավայրում ենք աշխատել իրար հետ։ Հույս ունեմ՝ ապագայում եւս այդպես կլինի։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիեւը շարունակում է պնդել, թե Մինսկի խումբը սպառել է իրեն եւ պետք չէ, քանի որ հակամարտությունը, ըստ նրա, գոյություն չունի այլեւս։ Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Մինսկի խմբի մանդատն այլեւս անհրաժեշտ չէ։

Կարծում եմ՝ Մինսկի խումբը դեռ դերակատարում ունի։ Եթե ոչ Մինսկի խումբն ու համանախագահները, ապա միջազգային հանրության մեկ այլ հատված պետք է նման պատասխանատվություն ստանձնի։ Ես չեմ կարծում, որ դա բացառապես Ռուսաստանի ձեռքում պետք է լինի եւ կարծում եմ, որ հակամարտության կողմերն առկա խնդիրների ուղղությամբ աշխատելու համար միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Եթե նոր մեքենա ստեղծելու ցանկություն կա, ես դա շատ լավ հասկանում եմ, բայց այն ստեղծվելու դեպքում պետք է Մինսկի խմբի նման լինի։

Ալիեւը նաեւ հայտարարում է, որ Մինսկի խմբի գործունեությունը նախորդ տարիների ընթացքում անօգուտ է եղել հակամարտությունը կարգավորելու հարցում։ Ձեր կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահության գործադրած ջանքերն ի՞նչ կարեւորություն են ունեցել բանակցային գործընթացում։

Ես կարծում եմ, որ Մինսկի խումբն ու համանախագահները կարողացել են ապահովել քննարկումների շարունակականությունը եւ ավելի վաղ խուսափել լուրջ հակամարտությունից։ Ինչպես պարզվեց, այսքան տարի անց նոր հակամարտությունը պատահական չեղավ, բայց ռազմական գործողություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կարեւոր է։ Ես հավատում եմ, որ Մինսկի խումբը շարունակում է դերակատարում ունենալ։

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին բառ անգամ չկար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան չեղյալ են հայտարարել Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը եւ այլեւս չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ այդ ձեւաչափում։ Սա նշանակում է, որ Մինսկի խումբն ընդհանրապես դու՞րս է մղվում գործընթացից։

Լավ հարց է։ Հաշվի առնելով Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի միջեւ առկա լարվածությունը՝ զարմանալի չէ, որ Մինսկի խումբը գործընկերային եւ համագործակցային ձեւով չի կարողանում հիմա աշխատել։ Դա չի նշանակում, որ այն ապագայում դեր չի խաղալու, ես հավատում եմ, որ այն կարող է գործել։ Կարծում եմ՝ այժմ կարող է դեր խաղալ Եվրոպական խորհուրդը կամ մեկ այլ կառույց։ Եվրոպական խորհուրդը ցանկանում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Ես ողջունում եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահը նման նախաձեռնությամբ է հանդես եկել։ Դա եւս կարող է հավասարապես արդյունավետ աշխատել։ Բայց իմ կարծիքով՝ կարեւոր է, որ այս հարցում միջազգային հանրության միջնորդություն լինի։

Լեռնային Ղարաբաղում իրավիճակն արդեն ավելի քան մեկ ամիս լարված է, բայց Մինսկի խմբի համանախագահները ոչ մի հայտարարություն չեն տարածել մինչ օրս։ Ընդհանուր առմամբ, Մինսկի խումբը պատերազմից հետո շատ պասիվ է գործում։ Չե՞ք կարծում, որ նախորդ մեկուկես տարում ձեւաչափն իր ողջ ներուժով չի գործել։

Ըստ էության, հակամարտության կողմերին ենք վերադառնում։ Եթե կողմերը չեն ցանկանում, որ Մինսկի խումբը լինի, այն չի կարող արդյունավետ աշխատել։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պետք է որոշեն՝ արդյո՞ք Մինսկի խումբը կարող է դեռ դերակատարում ունենալ, եթե այո, ապա որն է լինելու այն։ Ես հավատում եմ, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը կարող են այդ դերակատարումն ունենալ։ Մենք չենք ուզում, որ շատ այլ հարցերի պատճառով Ղարաբաղյան հակամարտությունը մոռացի, միջազգային հանրությունն էլ այլեւս ուշադրություն չդարձնի դրան, ոչ էլ, որ Ռուսաստանը հակամարտության միակ միջնորդը դառնա, դա նույնպես ցավալի կլինի։ Ես հավատում եմ, որ Մինսկի խումբը շարունակում է դեր խաղալ, եւ հավատում եմ, որ այս հարցը հետագայում եւս պետք է քննարկվի ԵԱՀԿ-ի շրջանակում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։

Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունները տեղի ունենան իր ներկայացրած 5 սկզբունքների հիման վրա, որոնք հիմնականում մեկը մյուսի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելուն են վերաբերում։ Դրանցում ոչ մի բառ չկա Արցախի ժողովրդի իրավունքների մասին։ Որքանո՞վ է այս սցենարը համապատասխանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն տեսլականին, որին տարիներ շարունակ ձգտել են համանախագահները։

Կարծում եմ՝ վերադառնում եք այն հիմնարար սկզբունքներին, որոնք առկա են եղել որոշակի ժամանակ։ Դրանք դեռ երկարատեւ խաղաղության հիմքն են կազմում։ Տարածքային ամբողջականության սկզբունքը դրա կարեւոր մի մասն է, եւ, ինչպես ես եմ հասկանում, արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է հենց այսպիսի քննարկումներ ունենալ այն հարցի վերաբերյալ, թե որտեղով են անցնում սահմանները։ Բայց միայն այս հարցերը չեն, որոնք լուծման կարիք ունեն։ Կարգավիճակը հարցը շարունակում է չկարգավորված մնալ, եւ այն պետք է քննարկումների մաս կազմի։ Ոգեւորիչ է տեսնել, որ կողմերը շփվում են միմյանց հետ, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին, արտգործնախարարներն են խումբ ստեղծել, որպեսզի սկսեն այս բանակցությունները։ Շատ հարցեր են լինելու օրակարգում․ խոսքը միայն տարածքային ամբողջականության մասին չէ, խոսքը նաեւ ռեսուրսների, հաղորդակցության ուղիների մասին է։ Հայկական կողմի համար, իհարկե, խոսքը կարգավիճակի մասին է։

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր նկատմամբ տարածքային պահանջներից՝ այդկերպ ձգտելով հակամարտությունը որպես տարածքային խնդիր ներկայացնել, մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ սա ոչ թե տարածքի, այլ իրենց պատմական հայրենիքում ապրող հայերի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Պաշտոնավարման տարիներին ինչպիսի՞ն էր հակամարտության էության մասին Ձեր անձնական պատկերացումը։

Այս հակամարտությունը միշտ էլ շատ բարդ է լինելու կարգավորել, քանի որ տարածքային ամբողջականության եւ կարգավիճակի հարցերի միջեւ մշտապես բնական լարվածություն գոյություն ունի։ Բայց եթե խոսքը տեւական խաղաղություն հաստատելու մասին է, բոլորն էլ գիտեն, որ պետք է առկա բոլոր հարցերը դրվեն բանակցային սեղանին, եւ ոչ թե միայն տարածքային ամբողջականության հարցը։ Ես հավատում եմ, որ Ադրբեջանն էլ սա միշտ հասկացել, հասկացել են, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Մենք չենք ուզում, որ այդ հարցերը մարտադաշտում կարգավորվեն․ դրանք պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Բանակցությունները հեշտ չեն լինելու՝ դրանք ժամանակ կպահանջեն, շատ հարցեր կան, որոնց վրա պետք է աշխատել, բայց դա պետք է արվի` երկու կողմերի համար էլ երկարատեւ խաղաղության ապահովելու նպատակով։

Համանախագահ բոլոր երկրներն էլ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հարցը մնում է չլուծված։ Հայաստանում հաճախ տպավորություն է ստեղծվում, որ այս հայտարարությունները ենթադրում են հենց Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ։ Ի՞նչ տպավորություն ունեք՝ կոնկրետ ի՞նչ կարգավիճակ նկատի ունեն համանախագահող երկրները, երբ հայտարարում են Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։

Սա մի հարց է, որի լուծմանը պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավվի։ Մշտապես համարվել է, որ տարածքային ամբողջականության հարցը պետք է լուծվի, բայց նաեւ կարիք է լինելու, որ պատեհ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե պետք է անցկացվի։ Կարծում եմ՝ սա դեռ օրակարգում է եւ կարող է ապագա կարգավիճակի հիմքը ստեղծել։ Հավատում եմ, որ հարցը դեռ առկա է, եւ առաջիկա քննարկումների մաս է կազմելու։

Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման տեւական խաղաղություն չի լինելու։ Ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում կարգավիճակի եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցերը նորից բանակցային օրակարգ կվերադարձվեն։

Դրանք պետք է լինեն օրակարգում։ Հույս ունեմ՝ արտաքին գործերի նախարարները քննարկում են դա, որովհետեւ միայն սահմանները որոշելու եւ քարտեզներ վերակազմելու հարցը չի կարող լինել քննարկման առարկա։ Ես հավատում եմ, որ Հայաստանը պնդում է դա, եւ որ Ադրբեջանն էլ հասկանում, որ դա եւս պետք է բանակցությունների առարկա լինի։ Եթե ցանկություն կա սահմանների որոշման գործընթաց սկսել՝ հատկապես այնտեղ ռուսական ուժերի առկայության եւ պատերազմի հետեւանքով առաջացած փոփոխությունների լույսի ներքո՝ դա եւս հասկանալի է։ Բայց եթե տեւական խաղաղություն եք ուզում, կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը պետք է կողմերը կարգավորեն։

Ղարաբաղյան հակամարտության այս փուլում ի՞նչ դեր ունի Թուրքիան, Անկարան լուրջ ազդեցություն ունի՞ այս հարցում։

Թուրքիան շատ մեծ ազդեցություն ունի հակամարտության վրա։ Մենք դա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ տեսանք, երբ Թուրքիան ռազմական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, որը շատ արդյունավետ եղավ հայկական ուժերի դեմ։ Ես հավատում եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան խնդիրները քննարկելու հնարավորություն ունեն․ ոչ թե կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հարցը, այլ հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները։ Կարծում եմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ փոքր քայլեր կատարելը կարեւոր կլինի։ Դա, ի վերջո, կարող է բարելավել հարաբերությունները։ Ես նկատի չունեմ, որ վաղը դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, ես խոսում եմ վստահության ամրապնդմանն ուղղված այն փոքր քայլերի մասին, որոնք կարող են ձեռնարկվել։ Եթե դա արվի, կարծում եմ՝ ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղում կատարվողի վրա։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն ու Լեռնային Ղարաբաղի ապագան ինչպե՞ս եք տեսնում՝ հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրողությունները։

Այս հարցը, ի վերջո, պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարգավորեն։ Վերջին ամիսներին նրանք մի քանի անգամ հանդիպել են, եւ առաջիկայում պետք է շարունակեն լուրջ քննարկումները։ Կարծում եմ՝ առկա մի շարք խնդիրների կարգավորման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելը ճիշտ է։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դեռեւս կարող է օգնել երկրների ղեկավարներին առանցքային խնդիրներում լուծումներ գտնելու հարցում, ինչը կարող է երկարատեւ խաղաղության բերել։ Մենք չենք ցանկանում, որ հակամարտությունը մարտադաշտում շարունակվի։ Տեսանք, թե վերջերս ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում՝ կապված ձմռանը գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների հետ, մենք չենք ցանկանում, որ հումանիտար աղետ լինի այնտեղ։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին իմ կոչն է կրկնապատկել ջանքերը երկարատեւ կարգավորում գտնելու ուղղությամբ, որը կարող է խաղաղության եւ կայունության հանգեցնել։ Ես կուզեի տեսնել, թե ինչպես են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բարելավվում, եւ հայերն ու ադրբեջանցիները անվտանգ պայմաններում ապրում կողք կողքի։

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը չգործի, հակամարտությունը կարո՞ղ է վերջնականապես կարգավորվել։

Իհարկե, կարող է։ Եթե Եվրոպական խորհուրդը ցանկանում է դերակատարում ունենալ, եւ կողմերի համար դա ընդունելի է, շատ լավ է։ Կարող են այլ կողմեր էլ միջնորդել, ինչպես եղել է նախկինում։ Մինսկի խումբը եւ ԵԱՀԿ-ն կախարդական ուժ չունեն, բայց ես կարծում եմ, որ միջազգային միջնորդության ինչ-որ տարբերակ պետք է գործի։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջում ցանկանում են միջազգային հանրության օրհնությունը ստանալ, ինչ համաձայնության էլ որ հասնեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ