News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե  այս կամ այն հանգամանքների պարագայում այդ երկիրը ռազմական գործողություններ կսկսի Հայաստանի դեմ, նորություն չեն եւ հնչում են որոշակի պարբերականությամբ: Բացառված չէ, որ ինչ-որ պահի Ադրբեջանը գա այնպիսի եզրահանգման, որ հակամարտության կարգավորման քաղաքական ճանապարհն արդյունավետ չէ, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի փորձագետ Ռամազ Սակվարելիձեն:

Նրա խոսքով` հակամարտության կարգավորման գործընթացի շարունակական ստատիկ վիճակը վաղ թե ուշ հանգեցնում է նրան, որ իրեն իրավացի համարող կողմն սկսում է հակվել ռազմական գործողությունների սկսման: Այն դիտարկմանը, թե կողմերից եւ ոչ մեկն իրեն ոչ իրավացի չի համարում, վրացի փորձագետն ասաց. «Այո, բայց տվյալ դեպքում, եթե համեմատենք Հայաստանն ու Ադրբեջանը, ապա Ադրբեջանը համարում է, որ տարածք է կորցրել եւ իրեն վիրավորված է զգում»,-նկատեց քաղաքագետը:

Պատասխանելով հարցին, թե Վրաստանն ինչ դիրք կզբաղեցնի իրավիճակի նման զարգացման դեպքում, Սակվարելիձեն ասաց. «Երբ երկու հարեւաններ հակամարտում են, երրորդը գործադրում է բոլոր ջանքերը` հակամարտությունը  կարգավորելու կամ այն դիվանագիտական հուն տեղափոխելու ուղղությամբ: Այս կամ այն կողմին աջակցելու մասին այստեղ խոսք լինել չի կարող:  Հայաստանն ու Ադրբեջանն արդեն  հակամարտել են, եւ Վրաստանն իրեն կպահի այնպես, ինչպես 20 տարի առաջ»:

Հիշեցնենք, որ թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել էր, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը շարունակվի նույն ընթացքով, Ադրբեջանը պատերազմ կհայտարարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ