News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի. Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ին, TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։

«Փաշինյանն այսօր կրկին արդարանում էր պատերազմում կրած պարտության համար եւ նոր զիջումների հող էր նախապատրաստում։ Ամենասկզբում փորձեց Ալիեւի հետ փոխհամաձայնեցված պատերազմի մեղքը բարդել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս գեներալների վրա՝ նրանք նախկինում իմացել են, թե ինչ է կատարվում, բայց ոչինչ չեն ասել թեեւ պետք է ասեին, նրանք մեղավոր են պատերազմի նախօրեին կադրային քաղաքականության մեջ, որը հանգեցրեց բազմաթիվ մարդկային եւ տարածքային կորուստների։ Կոչումներն ու պարգեւները, որ նրանց շնորհել ենք, մի տեսակ կաշառք են դարձել։ Փաշինյանն այսպիսով ուզում է ցույց տալ, որ այս բոլոր մարդիկ իրենից լավը չեն, իբր՝ նրանք էլ ամեն ինչ իմացել ու ոչինչ չեն արել։ Օնիկ Գասպարյանը, երբ սկսեց հայրենիքի փրկության գործընթացը, պետք է հասկանար, որ չի կարող նահանջել եւ պետք է գործնական քայլեր ձեռնարկեր ու երկիրը դուրս բերեր ծանր վիճակից, ոչ թե դիմեր Սահմանադրական դատարան։ Սա ծիծաղելի է»,- նկատեց նա։

Նրա խոսքով, Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին խոսակցությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները Արցախը Ադրբեջանի կազմում են տեսնում։

«Փաշինյանը հրապարակավ ասում է, որ Ղարաբաղը պետք է հանձնվեր։ Ռազմական ճանապարհով Ղարաբաղի հանձնումը չհաջողվեց, եւ այսօր մենք ականատես ենք այս գործողության երկրորդ ակտին։ Արայիկ Հարությունյանի այն հայտարարության ֆոնին, թե նշաձողը չի իջեցվում, եւ Հանրապետությունը գնում է անկախության ճանապարհով, իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը խոսեց Արցախի նախագահին «պաշարելու» անհրաժեշտության մասին։ Սա վկայում է, որ Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որը սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Այդպիսի գործողությունների համար Հայաստանի Սահմանադրությամբ եւ Քրեական օրենսգրքով որոշակի քայլեր են նախատեսված։ Եթե Հայաստանի գլխավոր դատախազն ու ԱԱԾ տնօրենը ոչինչ չձեռնարկեն, ապագայում անգործության պատճառով լուրջ խնդիրների կբախվեն»,- ընդգծեց Ղեւոնդյանը։

Նա կարծում է, որ մոտ ապագայում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական տարրերին վերաբերող սուր գործընթացներ են սպասվում ։

«Ընդդիմության վրա կարեւոր առաքելություն է դրված, որը չպետք է սահմանափակվի միայն խորհրդանշական գործողություններով։ Մենք կորցնում ենք Արցախը, եւ եթե դա տեղի ունենա, ապա ականատես կլինենք ռուս խաղաղապահների դուրսբերմանը Արցախից, եւ 110 000 մարդ փախստական կդառնա։ Ադրբեջանը ներկայումս պատրաստվում է պատերազմի, ինչը թուրքերի պատկերացմամբ նշանակում է հայոց ցեղասպանություն։ Հայաստանի վարչապետն է այն բանի շահառուն, որ արցախյան հիմնախնդիրը լուծվի ամեն գնով, այդ թվում՝ բնակչության բնաջնջման ճանապարհով»,- ասաց քաղաքագետը։

Ղեւոնդյանն ընդգծեց, որ Սյունիքում 44-օրյա պատերազմից հետո հրահանգ է տրվել չդիմադրել եւ տարածքներ հանձնել, բացի այդ՝ զինվորականները ոչ զինամթերք են ունեցել, ոչ էլ համապատասխան պայմաններ։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, ապա փորձագետը վստահ է, որ Հայաստանի իշխանություններն այս մասին խոսում են կազմակերպությանը վարկաբեկելու համար։

«Գործարկման ընթացակարգը, ինչպես տեսանք Ղազախստանի օրինակով, աշխատում է։ Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ պետք է նկատի ունենալ Ռուսաստանին։ Հայաստանի իշխանությունների հաջորդ քայլը կլինի ռուսական ռազմակայանի դուրսբերումը՝ երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով։ Եթե 102-րդ բազայի օրակարգը փոխվի, ապա Արարատյան դաշտն ու Երեւանը հայկական չեն լինի, հայերն այստեղ ստրուկներ կլինեն։

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ռուս խաղաղապահներին վարկաբեկելու գործընթացը շարունակվում է առնվազն մեկ տարի։

Ինչ վերաբերում է Արցախ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների մուտքի արգելքին, ապա խաղաղապահները հաղորդակցության ապահովման առումով ենթարկվում են Բաքվին ու Երեւանին, այսինքն՝ նրանք են տրամադրում այն մարդկանց ցուցակները, որոնց կարելի է ու չի կարելի թողնել Արցախ։ Հայաստանի իշխանություններն իրավունք ունեն թույլ չտալ որոշակի անձանց մուտք գործել Արցախ, իսկ խաղաղապահներն այս դեպքում պարզապես կատարողներ են։

Սակայն հետո Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարությամբ հանդես եկավ՝ խնդիրը գցելով խաղաղապահների «գրպանը», որպեսզի հետագայում փորձի հայտարարել, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց գործառույթը։ Ռուսաստանը հայերի խնդիրների լուծման միակ շահագրգիռ կողմն է։ Նա մեզ զենք է տալիս, եւ նույնիսկ վարկով, նրա զինվորականները կանգնած են Թուրքիայի հետ սահմանին։

Հիշեցնեմ, որ թուրքերի հետ համակեցության վերջին փորձն ավարտվեց Սումգայիթում, Բաքվում հայերի ջարդերով, Ղարաբաղյան առաջին պատերազմով, իսկ մինչ այդ եղել էր Հայոց ցեղասպանությունը։ Մենք հիմա գնում ենք ինքնաոչնչացման ճանապարհով, եւ դրա դիրիժորը Հայաստանի իշխանություններն են»,- պարզաբանեց նա։

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանի վարչապետն աշխատում է որպես «Ալիեւի քարտուղար», կատարում է նրա ցուցումները, ինչը պայմանավորված է կամ Փաշինյանի լուրջ ֆինանսական շահագրգռվածությամբ, կամ Փաշինյանի դեմ կոմպրոմատների առկայությամբ, կամ միանգամից ամեն ինչով։

«Սխալ է կարծել, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները տգետ են։ Նրանք ամեն ինչ անում են հետեւողականորեն։ 4 տարի առաջ ոչ ոք չէր կարծում, որ մենք նման վիճակում կլինենք։ Այդ պատճառով էլ հիմա քիչ ժամանակ ունենք»,- նշեց նա։

Ղեւոնդյանն ընդդիմությանը կոչ արեց գնալ վճռական գործողությունների, քանի որ Հայաստանն ու հայ ժողովուրդը կանգնած են երկընտրանքի առաջ՝ կա՛մ ավերածություն, կա՛մ պայքար:

«Փաշինյանն ամեն ինչ անում է Արցախը Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու համար, բայց իրեն միայն թվում է, որ կկարողանա։ Սակայն կարծում եմ, որ Արցախն Հայաստանի կազմում չի լինի։ Պետք է արցախյան ազատագրական նոր շարժում սկսել։ Պետք է սկսել Երեւանից։

Կովկասն այն տարածաշրջաններից է, որտեղ կդրսեւորվի Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների սրումը։ Այս ֆոնին մենք պետք է համախմբվենք եւ առաջնորդվենք մեր ազգային շահերով։ Այս հարցի ողնաշարը Արցախն է»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Որեւէ երաշխիք չկա, որ Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետների չի հանգեցնի․ Արգիշտի Կիվիրյան
Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ․․․
Փաշինյանը Ռուսաստանի դեմ խաղեր է տալիս, ինչը չի կարող չզայրացնել Մոսկվային․ Արգիշտի Կիվիրյան
«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված․․․
Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր աշխարհակարգի կազմավորման կարեւոր փուլ է դիտվում. TALK TIME
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին...
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ադրբեջանը եւ Թուրքիան կստիպեն Հայաստանին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը. TALK TIME
Ռուսաստանն առնվազն ներկա պահին կողմնակից չէ...
Ամենաշատ