News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուղիղ 3 տարի առաջ` 2008-ի օգոստոսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում ստորագրվեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին հռչակագիրը: ՀԱԿ-ում ընդգրկվեց 18 կուսակցություն:

Այդ ուժերը 2008 թվականին նախագահական ընտրություններում պաշտպանել էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը պաշտպանել էին նաեւ «Ժառանգություն» եւ «Նոր  ժամանակներ» կուսակցությունները, որոնք, սակայն, չընդգրկվեցին ՀԱԿ-ի կազմում:

2008 թ. մայիսի 2-ին, Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում նախագահ Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց Շարժմանը իստիտուցիոնալ բնույթ հաղորդելու եւ Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը: Համաժողովրդական շարժման` 2008 թ. օգոստոսի 1-ին կայացած հանրահավաքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հիմնադրումը: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Շարժմանը աջակցող կուսակցությունների եւ նախաձեռնությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման Հռչակագիրը: Կուսակցություններից, հասարակական տասնյակ կազմակերպություններից բացի ՀԱԿ-ին անհատապես անդամագրվել են նաեւ մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ:

ՀԱԿ-ի կազմում ընդգրկված 18 քաղաքական ուժերն են ՀՀՇ-ն, ՀԺԿ-ն, «Հանրապետություն» կուսակցությունը, ՍԴՀԿ-ն, «Ազատություն» կուսակցությունը, «Այլընտրանք» նախաձեռնությունը, Հայաստանի լիբերալ կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, «ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը, Հայաստանի կանաչների կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Հայ կամավորների շարժում» նախաձեռնությունը, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնությունը, «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը:

Ստորեւ ներկայացնում ենք ՀԱԿ-ի ստեղծման հռչակագիրը

Նկատի ունենալով, որ Հայաստանի Համաժողովրդական շարժումը, ձեւավորված լինելով որպես նախընտրական միավորում, ավարտել է իր անմիջական դերակատարությունը,

Մեկնելով այն իրողությունից, որ իշխանությունը Հայաստանում վերստին բռնազավթված է հանցավոր վարչախմբի կողմից, եւ որ ընտրակեղծիքներն այս անգամ ուղեկցվել են ժողովրդի դեմ իրագործված բիրտ ոճրագործությամբ,

Հաշվի առնելով, որ ետընտրական շրջանում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մտահոգիչ մարտահրավերների առջեւ,
Գիտակցելով, որ հրատապ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպական նոր ձեւի միջոցով Շարժումը հարմարեցնելու այդ մարտահրավերների դիմագրավմանը,

Մենք` Շարժման կորիզը կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացու­ցիչներս, հռչակում ենք Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը:

Մեզ միավորում է սահմանադրական կարգի հաստատման` ազատ, ժողովրդա­վարական, իրավական, բարգավաճ պետության կերտման եւ լիարժեք քաղաքացիական հասարակության ձեւավորման գաղափարը:Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը եւ անկախ գործունեություն ծավալելու, այդ թվում` ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը: Կոնգրեսը բաց է Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների անդամագրման համար:

Կոնգրեսի գործունեության ընդարձակ ծրագիրը նախատեսվում է ընդունել եւ հրապարակել նրա առաջիկա համաժողովում: Մինչ այդ, սակայն, հարկ ենք համարում Հայաստանի հասարակությանը ներկայացնել երկրի բարդ ներքաղաքական իրավիճակից թելադրված մեր ընթացիկ խնդիրները.

- Անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում
- Խոսքի, մամուլի, հավաքների ազատության ապահովում
- Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ հետաքննության իրականացում
- Առվազն առաջին պայմանի կատարման դեպքում` երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալում
- Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Հայրենիքի ճակատագրով մտահոգված բոլոր ուժերին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին կոչ ենք անում ստվար շարքերով անդամագրվել Հայ Ազգային Կոնգրեսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ