News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի զորամասերից մեկում ապրիլի 24-ին հայազգի զինվոր Սեւակ Շահինին սպանած   Թուրքիայի Քվանչ Աղաօղլուն առաջին դատական նիստում ազատ է արձակվել:

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Սեւակ Շահինի սպանության գործով Դիարբքեիրի ռազմական դատարանում առաջին դատական նիստը տեւել է 13 ժամ, որի ընթացքում լսվել են վկա զինվորների ցուցմունքները: Նիստի վերջում դատարանը որոշել է, որ Քվանչ Աղաօղլուն փախչելու առիթ չունի եւ ազատ արձակել նրան՝ փոխելով խափանման միջոցը:

Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի Սեւակի նշանածին՝ Մելանի Քումրույանին, ով պնդել է, որ մինչ սպանությունը Սեւակը խնդիրներ է ունեցել հրամանատարության հետ:

Ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում Քվանչ Աղաօղլուի համար պահանջվում է ընդամենը 9 տարվա ազատազրկում՝ «անփոթության հետեւանքով մարդ սպանելու համար»:

Հիշեցնենք որ 25-ամյա Սեւակն ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում։

Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  Ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայողի կողմից։  Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում այս տեսակետին եւ պահանջում են մանրամասն հետաքննություն իրականացնել։

Սեւակի թաղման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ին Ստամբուլում։  Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարությունը եւ Ստամբուլի քաղաքապետը ծաղկեպսակ էին ուղարկել, իսկ պետնախարար Էգեմեն Բաղըշը, Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը, ՀրանտԴինքի այրին, Պոլսո փոխպատրիարք. Արք. Արամ Աթեշյանը եւ հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ մասնակցել են թաղման արարողությանը։

Սեւակի հոգեհանգիստը տեղի է ունեցել Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում, որից հետո դին ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ