News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թափառական կենդանիների հետ կապված իրավիճակը եղել է, կա եւ, ենթադրաբար, լինելու է Հայաստանի սոցիալական չլուծված խնդիրներից մեկը։

Մոտեցումը եղել է եւ, ցավոք, մնում է զուտ գործնական՝ ինչպես կրճատել թիվը։ Միեւնույն ժամանակ, հասարակությանը եւ հատկապես երիտասարդ քաղաքացիներին կրթելու ասպեկտը բացարձակապես անտեսված է: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեծանան որպես գթասի՞րտ մարդիկ, թե՞ որպես եսասերներ։

Թափառական կենդանիները գործնականում զրկված են որեւէ իրավունքից։ Ֆորմալ առումով վատ վերաբերմունքն արգելող օրենք կա։ Սակայն իրականում զգալի ջանքեր են պետք ոստիկաններին համոզելու համար՝ արձագանքել շան կամ կատվի սպանությանը, նույնիսկ սոցիալապես վտանգավոր ձեւով, օրինակ՝ կրակելով այգում կամ բազմաբնակարան շենքի բակում, որտեղ նույն հաջողությամբ կարող է զոհ դառնալ երեխան։

Իշխանափոխությունից հետո տխրահռչակ «Յունիգրաֆ» կազմակերպությանը կասեցրեց աշխատանքը, որին փոխարինելու եկավ քաղաքապետարանի կազմակերպությունը, իսկ Երեւանի իշխանությունները երդվեցին դադարեցնել կրակոցները։

Միանգամից ասենք՝ ո՛չ նախկինում, ո՛չ հիմա այդ կազմակերպությունների գործառույթները դուրս չեն գալիս ստերիլիզացման, կատաղության դեմ պատվաստումների շրջանակից։ Կերակրում, բուժում, ապաստան․ այդ ամենն անում են կենդանապաշտպանները։

Հավատալով քաղաքապետարանի այն խոստումներին, թե սպանության պրակտիկան ավարտված է, մայրաքաղաքի կենդանապաշտպանները հանգիստ շունչ քաշեցին։ Հենց մայրաքաղաքայինները, քանի որ մարզերում վիճակն ավելի սարսափելի է։ Բայց, ինչպես պարզվեց, ապարդյուն։

Արդեն մի քանի շաբաթ է՝  սոցցանցերի համապատասխան խմբերում ավելացել են տեղեկություններն այն մասին, որ քաղաքապետարանը կենդանապաշտպանների եւ եւ կամավորների խնամքի տակ գտնվող առողջ շներ է բռնում, հետո  շներն անհետանում են։ Նախկինում եւս հարցեր կային՝ այս կազմակերպության հետ կապված, քանի որ սովորական էր մի տեղ շուն բռնել, իսկ ստերիլիզացումից հետո մեկ այլ տեղ բաց թողնել, եւ կենդանիների պաշտպանները ստիպված էին իրենց շներին փնտրել ամբողջ Երեւանում։ Այժմ կազմակերպությունը սկսել է կատաղի պայքար լեյշմանիոզի դեմ։ Հայտարարված մտադրությունն արժանի է գովասանքի, այլ հարց է, թե ինչպես է դա արվում։

Եղել է դեպք, երբ շան տերը գնացել է անասնաբուժական կլինիկա, որտեղ շան մոտ լեյշմանիոզ են ախտորոշվել, տվյալները փոխանցվել են քաղաքային կազմակերպությանը, շան տիրոջը զանգել են տարբեր ատյաններից եւ սպառնացել։ Լավ է, որ այդ մարդը համարձակ ու գիտակից է եղել։ Նա գնացել է մեկ այլ կլինիկա, մի քանի անալիզ է արել, եւ ախտորոշումը հերքվել է։ Պարզվել է, որ շան մոտ դեմոդեկոզ է։

Իսկ ի՞նչ անել, եթե թափառական շներին կեղծ դրական թեստի հիման վրա քնեցնում են։ Կենդանիների բոլոր տերերը, հատկապես՝ կորոնավիրուսի հետ կապված էպոպեայից հետո, գիտեն, որ թեստը վերջին ատյանում կեղծ է։ Անհրաժեշտ է մի քանի թեստեր անցկացնել, եւ բոլորը պետք է մեկ արդյունք տան։

Կենդանապաշտպանները կատարվածի բացատրությունն ունեն․ Երեւանի քաղաքապետարանը վտանգավոր հիվանդության դեմ պայքարի քողի տակ պարզապես կրճատում է թափառական կենդանիների թիվը։

Մյուս կողմից, հիշեցնենք, որ լեյշմանիոզը կենդանուց կենդանու չի փոխանցվում, այլ միայն մոծակի խայթելու դեպքում։ Այդ պատճառով պետք է առաջին հերթին ցամաքեցնել ճահիճները, մաքուր պահել ջրատարները՝ թույլ չտալով մոծակներին  բազմանալ։    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ