
Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը սիրիական Իդլիբ նահանգում Թուրքիայի համար ոչ մի խնդրի չի հանգեցրել։ Այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Կարող ենք ասել, որ [Իդլիբում իրավիճակի վերաբերյալ] լուրջ փոփոխություններ չեն դիտարկվում»,- պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե «արդյո՞ք Իդլիբում խնդիրներ են առաջացել ուկրաինական իրադարձություններից հետո»։
Մինչդեռ ապրիլի 23-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան փակել է իր օդային տարածքը Սիրիա մեկնող ռուսական ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռների համար։ Միաժամանակ նա չէր պարզաբանել, թե ինչով է պայմանավորված այս որոշումը, սակայն պնդել էր, որ Թուրքիան դեռ չի միացել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված հատուկ գործողության պատճառով ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Սիրիայի հյուսիս-արեւմուտքում 2017 թվականին ստեղծվել է դեէսկալացիայի գոտի, որտեղ տեղակայվել են այն զինյալները, որոնք հրաժարվել են զենքերը վայր դնել Դամասկոսի մերձակայքում գտնվող Արեւելյան Ղուտայում եւ երկրի հարավային շրջաններում կառավարական բանակի կողմից իրականացված գործողություններից հետո: 2020 թվականի մարտի 6-ից այնտեղ ուժի մեջ է մտնում հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից կռվող ընդդիմադիր խմբավորումները եւ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները պարբերաբար խախտում են հրադադարը՝ գնդակոծելով սիրիական բանակի դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։