News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 24
USD
478.73
EUR
530.62
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում հուլիսի 28-ին եզրափակվել է Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը, որ մեկնարկել էր հուլիսի 17-ին` Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում:

Սիմպոզիումի հանդիսավոր փակմանը` ի թիվս մեծաքանակ այցելուների եւ Իտալիայից ժամանած 22 հյուրերի, ներկա էին նաեւ Արցախի հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Սիմպոզիումը կայացավ` չնայած Ադրբեջանի կողմից ստեղծված բազմաթիվ խոչնդոտներին ու իտալացի մասնակիցներին ուղղված սպառնալի նամակներին, թե նրանք իրավունք չունեն այցելել Ադրբեջանի տարածք առանց իրենց պաշտոնական թույլտվության:

«Իտալիայում` Ադրբեջանի հանրապետության դեսպանատան կողմից ինձ հղված նամակում նշվում է, որ Արցախ այցելելու դեպքում դատական գործ կհարուցվի իմ դեմ», - ժպիտով նշել է Սիմպոզիումը վավերացնող լուսանկարիչ Լապո Կալին, ով իտալական «Ստուդիո կալի» /Studio Quagli/ նկարահանման ստուդիայի պատվիրակության հետ ժամանել էր Արցախ` Սիմպոզիումի, Արցախի, Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով:

 Ինչպեսեւ նախատեսված էր, իտալացի 15 քանդակագործները սիմպոզիումի շրջանակներում  կերտել են ազատ թեմայով քանդակներ շուշվա կրաքարից, որոնք առաջիկա տարվա ընթացքում տեղադրվելու են քաղաքի տարբեր մասերում:

«Առաջին իսկ հայացքից կարելի է նկատել, որ այս քանդակներն իրենց ոճով ու ոգով շատ են տարբերվում հայ քանդակագործների աշխատանքներից ու վստահաբար գեղագիտական ու բարոյահոգեբանական նոր շունչ են հաղորդելու Շուշիի ճարտարապետական ողջ միջավայրին», - նշել է քանդակագործ Վիգեն Ավետիսը: 

Քանդակագործական ստեղծագործարանից զատ, Սիմպոզիումը նաեւ հագեցած էր դասախոսությունների, կինոդիտումների եւ վարպետության դասերի հարուստ ժամանակացույցով: Նաեւ կայացել է  8-15 տարեկան երեխաների կավե քանդակների մրցույթ, որի հաղթողը պարգեւատրվել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության` Հակոբ Գյուրջյանի անվան հատուկ կրթաթոշակով:

Սիմպոզիումի արդյունքները շուտով կամփոփվեն հայերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով ծավալուն կատալոգում` Սիմպոզիումի գեղարվեստական ղեկավար արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ:

Սիմպոզիումի ստեղծագործական ողջ ընթացքը վավերացրել է իտալական «Ստուդիո կալի» /Studio Quagli/ ընկերության նկարահանող խումբը, որը հոկտեմբերին վերադառնալու է Հայաստան` Արցախի, Շուշիի, Հայաստանի ու Արեւմտյան Հայաստանի պատմության ու մշակութային ժառանգության մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով:

Արցախից Հայաստան հետդարձի ճանապարհին` նկարահանող խումբը պատահաբար հանդիպել է բարոնուհի Քարոլայն Քոքսին, ում հետ նկարահանված հարցազրույցը նույնպես զետեղվելու է ֆիլմում: Կինոնկարն, ըստ արդեն ստեղծված նախնական պայմանավորվածության, ցուցադրվելու է իտալական «Ռայ 1» /Rai 1/ հեռուստատեսության եթերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ