Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է և հարիր չէ մանկավարժական գործունեությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ):

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։