News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում, այսպես կոչված՝ «խաղաղության դարաշրջանի» գաղափար դնելը ինքնին բավարար և անհրաժեշտ պայման չէ այդ հարաբերությունների կարգավորման իրավաչափ իրավական հիմքերն ապահովելու տեսանկյունից: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը։

Հայատարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցություններում իրավական անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին»

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության սահմանադրաիրավակա ն և միջազգային իրավունքի սկզբունքները, մենք՝ սույն հայտարարության հեղինակներս, ելակետ ենք ընդունում Հայաստանի Հանրապետության բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այս համատեքստում առանձնակի նշանակություն ունի 44-օրյա պատերազմն անմիջականորեն սանձազերծած և մարդկայնության դեմ, ինչպես նաև պատերազմի բազում հանցագործություններ գործած պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը` խստորեն պահպանելով Հայաստանի օրինական շահերը երաշխավորող սահմանադրաիրավական հիմնադրույթները, բացառել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրման, ինչպես նաև ապօրինի այլ շարժառիթներով թելադրված բանակցային գործընթացներ նախաձեռնելու, օրենսդրության նորմերի շրջանցմամբ միջազգային պայմանագրեր կնքելու ու կիրառելու գործելաոճը:

Պատմական այս վճռորոշ փուլում ՀՀ իշխանությունների կողմից արդեն իսկ ձեռնարկվել են իրավական անվտանգության սկզբունքի հետ լրջագույն խնդիրներ պարունակող իրավական գործընթացներ, արվել պաշտոնական հայտարարություններ, ինչը խիստ մտահոգիչ է՝ հատկապես ներկայումս ընթացող հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցային զարգացումների համատեքստում՝ էապես մեծացնելով ՀՀ իրավական անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը:

Վերոհիշյալ ելակետային նախադրյալների համատեքստում, արձանագրում ենք, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցություններում իրավական անվտանգությունը երաշխավորելու, Հայաստանի Հանրապետությանը անդառնալի կորուստներ պատճառելուց զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է խստորեն պահպանել հետևյալ իրավական հիմնադրույթները.

- Թեպետ բանակցային կողմերը պնդում են, թե իբր հարաբերությունների կարգավորման գործընթացը չի ուղեկցվում որևէ նախապայմանով, իրականում այդ նախապայմանները ոչ միայն փաստացի կան, այլև ստացել են միջազգային իրավական ամրագրում՝ 2021 թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված, այսպես կոչված՝ «Համագործակցության մասին» Շուշիի հռչակագրով: Այդ, միջազգային իրավունքի տեսակետից բացահայտ ապօրինի փաստաթղթով ոչ միայն արձանագրվել և ընդլայնվել են նախորդ բանակցային գործընթացներում Թուրքիայի կողմից առաջադրված երեք նախապայմանները, այլև ավելացվել է չորրորդը:

Դեռևս 2021 թ. հունիսի 17-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր պաշտոնական մեկնաբանություն, որով Շուշիի հռչակագիրը որակվել էր «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային հակասող և ընդգծել, որ այդպիսի «պայմանագրերն առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն»: Ցավոք, այսպիսի պաշտոնական հավաստիացումները հետագայում փաստորեն անտեսվեցին, ինչի ապացույցը այդ կարևորագույն խնդրի վերաբերյալ իշխանությունների կողմից խորհրդարանական քննարկումների և համապատասխան ՀՀ Ազգային ժողովի հայտարարության ընդունման նախաձեռնության տապալումն էր:

Այսպիսով, սկզբունքորեն կողմ լինելով առանց նախապայմանների բանակցային գործընթացին, 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո ստեղծված իրավիճակում հայկական կողմը չի կարող փոխշահավետ համարել առանց նախապայմանների սկզբունքը, մանավանդ, երբ նախապես ընդհանուր գծերով հավանության են արժանացնում Ադրբեջանի կողմից ներկայացված, այսպես կոչված՝ «5 կետերը»: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական և գլխավոր նախապայման, առանց որի ՀՀ-ը չի կարող կնքել որևէ միջազգային պայմանագիր Ադրբեջանի Հանրապետության հետ.

- Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում, այսպես կոչված՝ «խաղաղության դարաշրջանի» գաղափար դնելը ինքնին բավարար և անհրաժեշտ պայման չէ այդ հարաբերությունների կարգավորման իրավաչափ իրավական հիմքերն ապահովելու տեսանկյունից: Համոզված ենք, որ անհրաժեշտ է հընթացս մշակել և մասնագիտական քննարկումների ներկայացնել իրավական անվտանգության երաշխավորմանը միտված օրենսդրության վերանայման հայեցակարգ, ինչը հնարավորություն կտա սպառիչ գնահատելու, երկկողմ հարաբերությունները կարգավորելու, այդ թվում տրանսպորտային ենթակառուցվածքները վերագործարկելու պարագայում ազգային, քաղաքական, սոցիալական, ֆինանսատնտեսական հնարավոր զարգացումները և սահմանելու այդ համատեքստում բացասական հետևանքները կանխարգելելու գործիքակազմը: Մասնավորապես, գործող իրավական կարգավորումները հիշյալ տեսանկյունից խիստ խոցելի են և նախատեսված չեն նշված պետությունների հետ ճանապարհները բացելու անխուսափելի հետևանքներին համալիր ու համարժեք արձագանքելու համար, որպիսի պարագայում արդեն կարճ ժամանակում Երկրի ողջ ֆինանսատնտեսական համակարգը անխուսափելիորեն կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, ամբողջովին կախվածության մեջ ընկնելով նշված պետություններից, ինչն էլ իր հերթին լուրջ վտանգ կառաջացնի Երկրի ինքնիշխանության համար։

Այսպիսով, զուտ երկկողմ բանակցությունները ի սկզբանե փոխկապակցված են իրավական լրջագույն, անհաղթահարելի խոչընդոտների հետ, ինչի արդյունքում հնարավոր է լինելու լուծել բացառապես թուրքական և ադրբեջանական շահին սպասարկող նախապայմանները,

- Միջպետական հարաբերությունների կարգավորման ցանկացած օրակարգով բանակցություններին մասնակցելու և պետությունը ներկայացնելու միակ իրավական հիմքը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածն է, որի համաձայն. «Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք»: Զուտ բանավոր որոշմամբ որևէ պաշտոնյա չի կարող ստանձնել հատուկ հանձնարարություններով դեսպանի կամ հատուկ առաքելությունների անդամի կարգավիճակ և պաշտոնապես վարել բանակցություններ, իսկ այդ բանակցությունների արդյունքներն իրավական առումով կլինեն առոչինչ՝ պատշաճ բանակցող սուբյեկտի բացակայության հիմքով: Այս տեսանկյունից, հարկ է ձեռնպահ մնալ նուրբ իրավական հարցերը բացառապես հրապարակախոսական հարթությամբ ու կենցաղային բառամթերքով (ինչպես օրինակ՝ «բանակցող») իրացնելու քայլերից,

- Որևէ գաղտնի հուշագիր, առավել ևս «բանավոր փոխընմբռնում», չէր կարող որպես իրավաչափ փաստաթուղթ ընկալվել և հիմք հանդիսանալ առնվազն անվտանգության գոտու դեր ունեցող տարածքային լրացուցիչ զիջումների համար: Նույն կերպ որևէ այլ օրենսդրական ակտի հիմքով, բացի «Պետական սահմանի մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի, այդ թվում՝ սահմանային բաժանումների և սահմանագծումների, չի կարող իրականացնվել սահմանային բաժանումների անվան տակ տարածքային զիջումներ։

- Տրանսպորտային ճանապարհների բացումը չի կարող լինել ընտրանքային և ներառի միայն այն հատվածները, որոնք բացահայտ շոշափում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը և որոնցում անթաքույց իր շահագրգռվածությունն են հայտնում հիշյալ երկրները: Ճանապարհների բացումը կարող է մի շարք այլ նախադրյալների հետ լինել փոխշահավետ, եթե նույն իրավական ռեժիմով Հայաստանին տրամադրվի, օրինակ՝ միջանցք դեպի որևէ ծովային նավահանգիստ, ինչը Թուրքիան վաղուց պարտավոր էր անել առանց որևէ քննարկման առարկա բանակցային գործընթացի, քանզի միացել է «Դեպի ծով ելք չունեցող տարանցիկ պետությունների առևտրի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, որի դրույթները տևական ժամանակ բացահայտ խախտում է: Ի դեպ, այս հարցին անմիջականորեն վերաբերում է Կառավարության 2016 թ. փետրվարի 4-ի «Դեպի ծով ելք չունեցող երկրների վերաբերյալ Վինեննայի 2014-24 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային ծրագրին և ազգային ծրագրից ու դրա նպատակներից բխող այլ միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 4 որոշումը, որի կապակցությամբ աշխատանքները վերջին տարիներին անհիմն ու անհարկի առկախվել են։ Այսպիսով, ճանապարհների բացումը, մեր կողմից արդեն նշված նախապայմանները բավարարելու պարագայում, կարող է փոխշահավետ գնահատվել միայն համալիր ընդգրկմամբ։

- Հարկ է զերծ մնալ իրավական տարրական հիմնադրույթներին հակասող պաշտոնական հայտարարություններից, որոնք խոցելի են դարձնում ողջ բանակցային գործընթացը: Մասնավորապես, այդպիսին է. «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում» հայտարարությունը: Որևէ բանակցային գործընթացում երբևէ չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել Արցախի ինքնորոշման աստիճանը, քանզի դա բանակցային գործընթացի մասնակիցների լիազորություններից դուրս է: Նույն կերպ առնվազն իրավաչափ չէ, անընդունելի է խոսել անկախ պետականության ինչ որ նշաձողի մասին. ընդհանրապես, պետության հատկանիշները համընդհանուր են և պայմանավորված չեն ազգային ինքնորոշման տեսակով, քանզի ինքնավարության մյուս տեսակները միտված են լուծելու սոսկ մշակութային և սոցիալական խնդիրներ: Բացի ազգային ինքնորոշման բացառիկ իրավունքը կրող սուբյեկտից՝ տվյալ տարածքի բնակչությունից, որևէ մեկը, այդ թվում՝ որևէ միջազգային կառույց իրավասու չէ որոշել ինքնավարության աստիճան։

- Ոչ միայն թուրք-ադրբեջանական միջազգային փաստաթղթերով, այլև Ադրբեջանի կողմից առաջադրված, այսպես կոչված, «5 կետերով» արձանագրված նախապայմանները ուղիղ հակասության մեջ են Հայաստանի Սահմանադրության հետ, մինչդեռ՝ պատասխանատու պաշտոնյաները՝ ոչ իրավաչափության հիմքով միանշանակ մերժելու փոխարեն, տարբեր միջազգային հարթակներում հայտարարում են, որ դրանք «սկզբունքորեն ընդունելի են»: Մասնավորապես, Սահմանադրությանը հակասում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու, Արցախի կարգավիճակի անտեսման հարցերը, որոնք ամրագրված են Սահմանադրության նախաբանում։

- Հարկ է նկատի ունենալ, որ բանակցային գործընթացների արդյունքում տարածքային փոփոխություններին առնչվող որևէ կետ չի կարող ներառվել միջազգային պայմանագրերի մեջ՝ առանց հանրաքվեի, ինչը բխում է Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասից: Ասվածից ևս հետևում է, որ որևէ պաշտոնյա իրավասու չէ հայտարարել «ՀՀ վերհսկողության տակ գտնվող այլ պետության տարածքների մասին», առավել ևս դիմել տարածքային փոփոխությունների՝ շրջանցելով սահմանադրաիրավական նորմերը:

Եզրակացություն. Վերը շարադրված սոսկ առավել ընդհանուր նկատառումները փաստում են, որ հանրային իշխանության իրավասու մարմինները անհրաժեշտ պատրաստակամություն և պատշաճ ձեռնահասության բացակայության պատճառով ի զորու չեն լուծելու երկրի անվտանգության և ինքնիշխանության համար ճակատագրական, վճռորոշ խնդիրներին առնչվող հարցերը: Պահանջում ենք իշխանություններից այսուհետ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են անդառնալի հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և ինքնիշխանությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի հետ կարգավորման հարցում մեծ առաջընթաց չկա. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր…
Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորման» դիմաց ՀՀ իշխանությունը ինչ-որ բան կստանա, իսկ ի՞նչ կստանա Հայաստանը
Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին Վիեննայում տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի» շրջանակում...
Հուլիսի 1-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպումը
Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին և մայիսին Վիեննայում: Կողմերը հայտարարել...
ԱՄՆ-ը բաց է ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին. Դոնֆրիդ
Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը…
ԱՄՆ դեսպանատունը 400 000 դոլար կհատկացնի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության ծրագրին
Ամուր հիմքերի վրա դնել և ընդլայնել Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի…
ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելիս մենք գործում ենք Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակում. Էֆքան Ալա
Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահը հաստատել է, որ Անկարայի եւ Երեւանի կապը շաղկապվում է Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ